
Վերջին օրերին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հրապարակային հարձակումներ և զրպարտանքներ հնչեցրեց Գարեգին Բ Կաթողիկոսի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հասցեին։ Դրանք միտված էին եկեղեցու վարկաբեկմանը և հեղինակազրկմանը՝ ազգային կառույցների նկատմամբ խորացող թշնամանքի տրամաբանությամբ։
Սակայն եկեղեցին՝ հավատարիմ իր դարավոր առաքելությանը, արձագանքեց ոչ թե հույզով, այլ արժանապատվությամբ։ Նրա պատասխանը զուսպ էր, բայց և ուղղված էր ճշգրիտ հասցեատիրոջը՝ առանց ընկնելու իշխանական հռետորաբանության թակարդը։ Այս հանգիստ և ինքնավստահ դիրքորոշումը, թվում է, ավելի է բարկացրել ոչ միայն իշխանությանը, այլ նաև երրորդ նախագահը Սերժ Սարգսյանի թիմակիցներին։
Երրորդ նախագահին մոտ կանգնած շրջանակները դժգոհեցին եկեղեցուց՝ քննադատելով, թե ինչու այն կոչ չի անում փողոց դուրս գալու։ Նրանց շուրթերից հնչեց արդեն ծանոթ արտահայտությունը՝ «հարյուր հազարավոր մարդիկ սպասում են եկեղեցու կոչին»։ Բայց պարզ հարց է առաջանում՝ եթե այդ հարյուր հազարավորները կան, ինչու՞ չեն շարժվում ինքնուրույն։
Իրականում սա հերթական քաղաքական հաշվարկն էր՝ Սերժ Սարգսյանի կողմից։ Նա, ում շուրջ չկա իրական զանգված, փորձում է բողոքի շարժումը հրահրել ուրիշների՝ մասնավորապես եկեղեցու միջոցով։ Սա այն պայքարն է, որի մասին նա խոստումներ է տվել, բայց իրականացնել չի կարող՝ հասարակության իրական աջակցությունը չունենալու պատճառով։
Բարեբախտաբար, եկեղեցին չընկավ այս խաղի մեջ։ Այն պատասխանեց զրպարտություններին՝ առանց դառնալու այլ շրջանակների պլանների թիկունքը։ Արժանապատիվ, հավասարակշռված ու պատասխանատու պահվածքով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին անգամ այս անգամ ապացուցեց՝ ազգային հիմքերը չեն կարող ծառայել ժամանակավոր շահերին։
Այսպիսով, Սերժ Սարգսյանի հերթական պլանը տապալվեց, իսկ եկեղեցին կրկին մնաց իր դերում՝ որպես հոգևոր, բարոյական և ազգային հավատի հենասյուն։