Կասեցվել են 14 հազար 365 վարորդի տուգանային մ...

Հայաստանում նախատեսում են տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձին մեկ տարվա համար հատկացված 9 տուգանային միավորի փոխարեն հաշվարկել 13 տուգանային միավոր: 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի և Արմեն Խաչատրյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացվեց ԱԺ լիագումար նիստում:  

«Տրանսպորտային միջոցների աճի և դրա հետևանքով առաջացած խցանումների արդյունքում ավելացել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը, որի պատճառով վարորդների նկատմամբ կիրառվում են տուգանային միավորներ: Խնդիրը հատկապես մեծ ազդեցություն է թողնում այն վարորդների վրա, որոնք զբաղվում են ուղևորափոխադրմամբ և բեռների փոխադրմամբ»,–ասաց Արմեն Խաչատրյանը: 

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին 1 տարվա համար ներկայում հատկացվում է 9 միավոր: Պատգամավորները նկատել են ուղևորափոխադրմամբ և բեռնափոխադրմամբ զբաղվող վարորդներին տրված 9 միավորը հաճախ չի բավականացնում, ինչը հանգեցնում է սոցիալական խնդիրների:

«ՆԳՆ-ից ստացված տվյալների համաձայն՝ 2020-2024թթ 14 հազար 365 վարորդի տուգանային միավորներ կասեցվել են և կրկին խախտում կատարելու համար 628 անձ զրկվել է վարորդական իրավունքից»,–ասաց պատգամավորը: 

Նախագծով առաջարկվում է որոշակի իրավախախտումների համար տուգանային միավորների չափ փոփոխել՝ ավելացնել, որ մեծ վնասակարություն ունեցող արարքների տույժի չափը համարժեք լինի: Տուգանային 9 միավորի փոխարեն կսահմանվի 13 միավոր: 

«Վարորդին մեկ տարի ժամկետով տրվող միավորների ավելացումը հնարավորություն կընձեռի թեթևացնել վարորդների սոցիալական բեռը և իրավախախտումների քանակի և որակի աճ չի դիտարկվում»,–ասաց Խաչատրյանը: