
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի բացառում, որ կդադարի մասնակցել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը, եթե հաջողության համար հնարավորություններ չմնան։ Սպիտակ տանը լրագրողների հետ Թրամփի հարցուպատասխանի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը։
«Կարծում եմ՝ ինչ-որ բան տեղի կունենա։ Իսկ եթե ոչ, ապա ես պարզապես մի կողմ կքաշվեմ և նրանք ստիպված կլինեն առաջ շարժվել», - ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մայիսի 19-ին ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, խոսելով ուկրաինական ճգնաժամի լուծման մասին, նրան ասել է, որ «ժամանակն է առաջ շարժվել»։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի հրաժարվում միջնորդական շփումներից։
«Ոչ, ԱՄՆ-ն դուրս չի գալիս, նրանք շահագրգռված են շուտափույթ արդյունքների հասնել, ԱՄՆ նախագահը խոսել է այդ մասին, իսկ նախագահ Պուտինը կիսում է այս տեսակետը», - լրագրողներին ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ «մենք նույնպես շահագրգռված ենք հակամարտության շուտափույթ կարգավորմամբ՝ վերացնելով դրա արմատական պատճառները», որոնց մասին ասել է Պուտինը։
«Սա ամենակարևորն է բոլոր այն նախագծերում, որոնք, հավանաբար, կձևակերպվեն», - ընդգծել է Պեսկովը՝ նշելով, որ ԱՄՆ-ի կողմից «ցուցաբերվել են շատ արդյունավետ միջնորդական ծառայություններ»։