Անդրադառնալով ավտոմաքսատուն այցելության ժամանակ վարչապետ Փաշինյանի` աշխատողներին դիմում գրելու հրահանգ տալուն` Politik.am-ի հետ զրույցում իրավաբան Ռուբեն Մելիքյանն ասաց, որ իր կարծիքով` այստեղ իրավական տեսանկյունից խնդիր կա:
Հիշեցնենք, որ այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանին բարկացրել էր իր խոսքերով` խայտառակ կեղտոտ տարածքն ու սենյակներից մեկում եռագույն դրոշի անկյունում դրված լինելը. «Դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից»,-ասել էր Փաշինյանը:
«Հարցին, թե արդյոք կատարվածը չի հակասում աշխատանքային իրավունքների օրենսդրական կարգավորմանը Ռուբեն Մելիքյանն ասաց. «Այստեղ կա մի քանի հանգամանք: Եթե խոսքը վերաբերում է գործատու-աշխատող հարաբերություններն, ինչպես շատ այլ դեպքերում այնպես էլ մաքսային ծառայության դեպքում, օրինակ էթիկայի կանոնների անգամ մեկանգանյա կոպիտ խախտումը, կամ վստահության կորուստը կարող է հիմք լինել անձին աշխատանքից ազատելու համար, և կարելի է քննարկել դրա առկայության կամ բացակայության հարցը: Խնդիրն այն է, թե որքանով է կանխատեսելի այդ հետևանքը տվյալ անձի համար, որքանով էր այդ կանոնը հստակ, որքանով տվյալ անձը հնարավորություն ունեցավ ի պաշտպանություն իրեն որոշակի փաստարկներ բերել: Կարծում եմ` այս ամենը հետևության են բերում, որ այստեղ իրավական տեսանկյունից խնդիր կա»:
Իրավաբանը մինչ այդ գրառում էր արել նաև «դիմում գրելու» ցուցում տալու պրակտիկայի մասին.««Դիմումը գրելը» աշխատողի կամարտահայտությունն է՝ դադարեցնելու աշխատանքային հարաբերությունները։ Այլ կերպ՝ աշխատողի ցանկությունն է աշխատանքից դուրս գալու մասին։ Հիմա, ի՞նչ է նշանակում, երբ վերադասը (էլ չեմ ասում՝ վարչապետը) ասում է՝ «դիմումդ գրի»։ Ըստ էության նշանակում է՝ ցանկացիր դուրս գալ աշխատանքից։ Նույնն է թե՝ «ես ցանկանում եմ, որ դու ցանկանաս աշխատանքից դուրս գալ»։
Աննա Հովհաննիսյան



