Այսօր՝ օգոստոսի 31-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնից 10 բուժառու է ուղեկցողների հետ միասին տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ բուժառուները տեղափոխվել են անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար։
«Նախատեսվում է օրվա ընթացքում Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախ վերադարձնել 1 բուժառուի, ով ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել է ՀՀ բուժում ստանալու համար»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նախարարությունից հայտնում են նաև, որ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 34 երեխա, 8-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 94 հիվանդ, 7-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են։