ԼՂ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ԼՂ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 11 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
«Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 4 բուժառուի, որոնք ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։
«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 36 երեխա, 9-ը գտնվում են նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 97 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 2-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում»,- ասված է հաղորդագրության մեջ։