Կառավարությունը ընդլայնել է տնտեսության արդիա...

Տնտեսության արդիականացման ծրագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին օգոստոսի 4-ի որոշմամբ ՀՀ կառավարությունը ընդլայնում է ծրագրի մեջ ընդգրկված այն ոլորտների ցանկը, որտեղ գործող ընկերությունները կարող են նոր սարքավորումներ գնել և դրա համար սուբսիդավորում ստանալ կառավարությունից: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հավելելով, որ կառավարությունը կսուբսիդավորի վարկերի տոկոսների մեծ մասը:

«Այստեղ արդեն ունենք որոշակի արդյունքներ: Նախորդ ամիսների աշխատանքի արդյունքում արդեն 200 ընկերություն 11,4 միլիարդ դրամի սարք-սարքավորումներ է ներմուծել, և մենք կարծում ենք, որ այս փոփոխությունները՝ ոլորտների ընդլայնումը, կտա նաև այս պրոյեկտների արագացում: Նկատի ունեմ ոլորտներ, որոնք ավելացել են, օրինակ՝ լոգիստիկա, տեղափոխում և պահեստավորում, տեղեկատվություն և կապ, առողջապահություն, կրթություն և հանքարդյունաբերություն: Այս բոլոր ոլորտների մեջ նոր սարքավորումներ գնող ընկերությունները կարող են օգտվել մեր ծրագրից, և մենք կարծում ենք՝ արժե, որ օգտվեն և արժե, որ նորից վերանայեն իրենց պլաններն ու սարքավորումներ գնելու գործընթաց սկսեն, որովհետև դա, բնականաբար, խթանելու է արտադրողականությունը», - պարզաբանեց նախարարը: