Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունը․
Կառավարությունը և մասնավորապես՝ Արդարադատության նախարարությունն ուղիղ պարտավորություն ունեն ապահովելու, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքների ընտրված ավագանիների այն անդամները, որոնք կալանավորված են, մասնակցեն այդ ավագանիների առաջին նիստերին և չզրկվեն իրենց սահմանադրական իրավունքից:
Խոսքը համայնքների նորընտիր ավագանիների այն նիստերի մասին է, որտեղ պետք է որոշվի համայնքի ղեկավարի ընտրության հարցը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, մասնավորապես, բողոքներ են հասցեագրել Վարդենիս և Վանաձոր համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցած և ավագանու անդամ ընտրված համապատասխանաբար՝ Արամ Հարությունյանը և Մամիկոն Ասլանյանը: Նրանք գտնվում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում՝ քրեական գործերով կալանավորվածի կարգավիճակում:
Նրանք երկուսն էլ բողոքներով տեղեկացրել են, որ իրենց կալանավորումները նպատակ ունեն այնպես անել, որ իրենք չմասնակցեն ավագանիների առաջին նիստերին և այդ պարագայում երկու դեպքում էլ ձայներն այնպես կբաշխվեն, որ և՛ Արամ Հարությունյանը, և՛ Մամիկոն Ասլանյանը չեն կարողանա ընտրվել համայնքի ղեկավար: Ավելին, ըստ բողոքների՝ չմասնակցության դեպքում իրենք ևս կզրկվեն քվեարկելու, այսինքն՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված ընտրելու և ընտրվելու իրավունքից:
Սրանից բացի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է ահազանգեր կալանավորումներից հետո ավագանիների նշված անդամների նկատմամբ ճնշումների մասին. նրանք տեղերում՝ իրենց համայնքներում ներկայացվում են՝ որպես հանցանք կատարած և արդեն իսկ դատապարտված ու համայնքի ղեկավար դառնալու հնարավորությունից առհասարակ զրկված անձինք: Այս մասին են նշել հենց բողոք ներկայացրած անձինք:
Արամ Հարությունյանի և Մամիկոն Ասլանյանի բողոքների, քրեակատարողական հիմնարկներում նրանց հետ առանձնազրույցների, անհրաժեշտ փաստաթղթերի համադրված ուսումնասիրությունների արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է հետևյալը: Նախ, ավագանիների այդ անդամների նկատմամբ գործում է անմեղության կանխավարկածի երաշխիքը՝ որպես արդար դատաքննության իրավունքի պարտադիր բաղադրիչ:
Հետևաբար, նրանց նկատմամբ վերաբերմունքը չի կարող խաթարել այդ սահմանադրական և միջազգային կոնվենցիոն պահանջը: Դրանից բացի, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքը երաշխավորված է Սահմանադրության մակարդակով և, հենց Սահմանադրությունն ինքը թվարկում է այդ իրավունքի թույլատրելի սահմանափակումների սպառիչ շրջանակը: Ըստ ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 4-րդ մասի՝ «Ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք:
Ընտրվելու իրավունք չունեն նաև այլ հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք»: Այսինքն՝ Սահմանադրությունն ամրագրում է քաղաքացուն ընտրելու և ընտրվելու իրավունքից զրկելու առնվազն երկու պարտադիր պայման, որոնք պետք է առկա լինեն միաժամանակ՝ 1) դատապարտված լինելը և 2) պատիժ կրելը: Ընտրվելու իրավունքի դեպքում Սահմանադրությունն ավելի առաջ է գնացել՝ ամրագրելով այդ իրավունքից զրկելուց պաշտպանություն ցանկացած հանցանքի պարագայում:
«Ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 42.2-րդ հոդվածի 1-ին մասի ուժով՝ «Համայնքի ղեկավարի ընտրությունն անցկացվում է նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում»: Այսինքն՝ Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքը նախատեսել են, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում ՀՀ քաղաքացու ընտրվելու իրավունքի վերջնական իրացումը չի սահմանափակվում միայն ավագանու անդամ ընտրվելով, այլ այն վերջնական լուծվում է համայնքի ղեկավարի ընտրության փուլով՝ նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում:
Այլ կերպ ասած, համայնքի ղեկավարի ընտրության համար անցկացվող առաջին նիստը քաղաքացու՝ Սահմանադրությամբ երաշխավորված ընտրվելու իրավունքի իրացման գործընթացի անբաժան մասն է: Վարդենիս և Վանաձոր համայնքների դեպքում ավագանիների ընտրված և ներկայում կալանավորված անդամների պարագայում Սահմանադրության 48-րդ հոդվածով պահանջվող պայմաններն առկա չեն, անգամ չկա պարտադիր պայմաններից որևէ մեկը` 1) չկա դատապարտված անձ, 2) չկա պատժի կրում: Ստեղծված իրավիճակը խնդրահարույց է նաև ՀՀ քաղաքացիների ընտրելու սահմանադրական իրավունքի լիարժեք իրացման տեսանկյունից:
Հարցն այն է, որ քրեական գործերով կալանավորված են ավագանու անդամ ընտրված ՀՀ այն քաղաքացիները, որոնք քաղաքական ուժերի ղեկավարներ են և նախընտրական քարոզարշավին մասնակցել են՝ որպես համայնքի ղեկավարի թեկնածուներ: Այսինքն՝ նրանցից յուրաքանչյուրի կողմնակից քաղաքացին նրանց ընտրել է այն ակնկալիքով, որ հենց այդ անձինք են լինելու իրենց համայնքի ղեկավարը: Այլ կերպ ասած, քաղաքացու ընտրական իրավունքի վերջնական և սպառիչ իրացումը ենթադրում է ավագանիների այդ անդամների կողմից համայնքի ղեկավարի ընտրության համար անցկացվող ավագանու առաջին նիստին մասնակցելու և քվեարկելու իրավունքի իրացում: Սա է ներկայացուցչական ժողովրդավարության էությունը: Այս կերպ է, որ ընտրական իրավունքի շնորհիվ ձևավորվում է երկրում ժողովրդավարության համակարգը: Նույն սկզբունքը վերաբերում է նաև խորհրդարանական ընտրություններին և Կառավարության ձևավորմանը:
Ուստի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոք ներկայացրած ավագանիների անդամներ Արամ Հարությունյանի (Վարդենիս) և Մամիկոն Ասլանյանի (Վանաձոր) ընտրվելու սահմանադրական իրավունքը լիարժեք երաշխավորելու համար ՀՀ կառավարությունը, իսկ ավելի կոնկրետ՝ ՀՀ արդարադատության նախարարությունը պետք է ապահովի համապատասխան ավագանիների առաջին նիստերին նրանց մասնակցությունը և քվեարկության իրավունքի իրացումն ըստ առաջնահերթության, հետևյալ սկզբունքով.
1) նրանց կալանքից ազատ արձակելով, ինչը հնարավորություն կտա ապահովել համապատասխան ավագանիների նիստերին նրանց լիարժեք մասնակցությունը: Հակառակ պարագայում՝ ստեղծված իրավիճակում կալանքի տակ նրանց հետագա պահելու իրավաչափությունը քրեական հետապնդման մարմիններից ու դատարաններից պահանջում է բարձր շեմի հաղթահարում ու բարձր չափանիշներով հիմնավորում,
2) թեև կալանավորված վիճակում, բայց ավագանիների նիստերին ֆիզիկական մասնակցությունն ապահովելով,
3) թեև կալանավորված վիճակում, բայց Զում (Zoom), Սկայպ (Skype) կամ որևէ այլ եղանակով ապահովելով ավագանիների նիստերին նրանց մասնակցությունն ու ընտրվելու իրավունքի իրացումը: Թվարկված կետերից որևէ մեկի չկատարումը կառաջացնի մարդու ընտրվելու սահմանադրական իրավունքի խախտում, ինչպես նաև կլինի խնդրահարույց ընտրելու սահմանադրական իրավունքի լիարժեք իրացման տեսանկյունից:
Ավելին, հարցը հրատապ է՝ հաշվի առնելով ավագանիների առաջին նիստերի անցկացման ժամկետները: Քանի որ ավագանիների նշված անդամները գտնվում են ազատությունից զրկված (խափանման միջոց կալանք) վիճակում, այն է՝ Արդարադատության նախարարության ՔԿՀ-ներում, ապա նրանց ընտրվելու սահմանադրական իրավունքի իրացումը պետք է ապահովվի ՀՀ Կառավարության, մասնավորապես՝ Արդարադատության նախարարության կողմից՝ անկախ քրեական հետապնդման մարմնի կամ կալանքի միջնորդությունը բավարարած դատարանի վերաբերմունքից:
Այսինքն՝ չի կարող այս հարցի լուծումը կախվածության մեջ դրվել քրեական գործ քննող մարմինների կամքից, քանի որ այն կապ չունի նրանց կողմից քննվող քրեական գործի առարկայի հետ և, բացի այդ էլ խոսքը գնում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված ընտրական իրավունքի մասին, որից զրկելու հիմքեր կոնկրետ իրավիճակում չկան առհասարակ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս հայտարարությունը կուղարկվի ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը, միջազգային այլ կառույցներին, դիտորդական կազմակերպությունների, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Այն հայտարարությունը նաև կդրվի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական հարցման տեքստում և հրատապ պարզաբանումների պահանջով կուղարկվի ՀՀ արդարադատության նախարարին: