Կառավարությունը նախատեսում է ներդնել խաղադրու...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ շահումով խաղերի ոլորտում նախատեսվող հարկային փոփոխություններին և կարգավորումներին՝ ընդգծելով, որ այս հարցում արմատական մոտեցում ունի։ 

«2018-ից այս կողմ շահումով խաղերի ոլորտում հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել։ Ուզում եմ ուղիղ ասել՝ այս հարցում ես ռադիկալ տրամադրված եմ, բայց չեմ ցանկանում, որ այդ տրամադրվածությունը մեզ զրկի հավասարակշռված մոտեցումներից», Ազգային ժողովում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ բուքմեյքերական գործունեության հարկային բեռը վերջին տարիներին մի քանի փուլով բարձրացվել է, և ներկայումս խաղադրույքների պետական տուրքը կրկնապատկվում է։

«Մենք այս ոլորտում տուրք բարձրացրել ենք մի քանի փուլով։ Սահմանել ենք նոր հարկ խաղադրույքներից, և հիմա այդ խաղադրույքների պետական տուրքը կրկնապատկում ենք», – նշեց նա։

Վարչապետը նաև հայտարարեց, որ կառավարությունն աշխատում է օպերատորի համակարգի ներդրման վրա, որը թույլ կտա պետությանը վերահսկել խաղադրույքները, շահումները և դրանց հարկումը։ Սակայն, ըստ Փաշինյանի, հնարավոր են արհեստական խոչընդոտներ, որոնք կարող են տարբեր միջոցներով ձգձգել օպերատորի մուտքը շուկա։

«Մենք ունենք պայմանավորվածություն․ քանի դեռ օպերատորը չի մտել, տուրքը անընդհատ բարձրանալու է։ Սա ոչ այնքան ֆիսկալ նպատակ է հետապնդում, այլ այն, որ հնարավոր տարբեր լոբբինգային խոչընդոտները վերացնենք»,-հայտարարեց նա։

Փաշինյանը շեշտեց, որ այս հարցում այնքան է արմատական մոտեցում ցուցաբերել, որ նույնիսկ կառավարությունում քննարկումների ժամանակ առաջարկել է ծայրահեղ լուծումներ։

«Երբ որոշ կարգավորումների մասին ասել եմ՝ առաջարկում եմ այսպես անել, հակադարձել են՝ կարող է ոլորտը փակվի։ Ես ասել եմ՝ թող փակվի, որովհետև եթե մի կողմում հանրային անվտանգությունն է, մյուս կողմում՝ ոլորտը, ուրեմն թող այդպես լինի», – ընդգծեց վարչապետը։

Այնուամենայնիվ, ըստ Փաշինյանի, քննարկումների արդյունքում որոշվել է շարունակել ավելի հավասարակշռված ճանապարհով, որը ներառում է օպերատորի ներդրումը և հարկային քաղաքականության խստացումը։

Փաշինյանն անդրադարձավ նաև սոցիալապես անապահով անձանց կողմից շահումով խաղերին մասնակցելու խնդրին՝ ընդգծելով, որ նպաստ ստացող քաղաքացիները չպետք է կարողանան խաղադրույքներ կատարել։

«Եթե որևէ մեկը խաղադրույք է անում, հետո պետությունից նպաստ է ստանում, մենք պետք է տանք նպաստը, բայց մյուս կողմից պետք է արգելենք, որ նա խաղադրույք կատարի», – ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ դրա համար անհրաժեշտ է անձնային նույնականացման մեխանիզմների ներդրում, որը թույլ կտա սահմանափակել սոցիալապես անապահով անձանց մուտքը բուքմեյքերական հարթակներ։