Կառավարությունը հավանություն տվեց ԱՊՀ միջպետա...

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 6-ի նիստում հավանության արժանացրեց «ԱՊՀ մասնակից պետությունների՝ անձանց միջպետական հետախուզման մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Նշենք, որ պայմանագիրը վավերացվել է 2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում, իսկ փոփոխությունների մասին արձանագրությունը՝ 2024 թվականի հոկտեմբերի 8-ին։ Արձանագրությունը ներկայացվում է վավերացման վերապահումով։

Պայմանագիրը նախատեսում է հարցումների ուղարկումն իրականացնել էլեկտրոնային եղանակով, սակայն որոշված չեն փոխգործակցության հստակ մեխանիզմներ։ Նախատեսված փոփոխությունները հնարավորություն կտան ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմիններին տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում կիրառել փաստաթղթի էլեկտրոնային պատճենը՝ թղթային կրիչով փաստաթղթի՝ սկանավորման (լուսանկարման) միջոցով էլեկտրոնային տարբերակի վերածված պատճենը։

Կառավարության որոշման համաձայն՝ ՀՀ սահմանադրական դատարանը պետք է որոշի միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման առկայության դեպքում նախագիծը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Կառավարության որոշմամբ՝ այս հարցով Սահմանադրական դատարանում կառավարության ներկայացուցիչ է նշանակվում ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։