
Կառավարությունը երեք առաջարկ ունի. այս մասին եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի նախագծի քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
«Նախ հոդվածի տեսք տալ և հետևաբար նաև համարակալել օրենքի միակ դրույթը, ավելացնել երկրորդ դրույթը, բնականաբար, էլի համարակալված և երրորդն արդեն նախաբանին է վերաբերում: Սա արդեն ավելի շատ ոչ թե օրենսդրական, այլ ավելի շատ քաղաքական առաջարկի է նմանվում իմ գնահատմամբ: Ձևակերպումը հետևյալն է՝ նախագիծը կարգավորման բեռ չունեցող նախադասություններով չծանրաբեռնելու նպատակով առաջարկում են հանել նախագծի նախաբանը: Այս երեք առաջարկների մասին ի՞նչ կասեք»,- ասաց Եղոյանը՝ դիմելով նախագծի հեղինակներից Արտակ Զեյնալյանին:
Զեյնալյանն էլ նշեց, որ Կառավարության առաջարկների իրավական հիմքը նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքն է։
«Եթե մենք վերցնում ենք նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքը, ապա պետք է ամբողջությամբ վերցնենք, մենք չենք կարող վերցնել հատվածաբար: Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքն ասում է, որ օրենքը կարող է ունենալ նախաբան։ Նախաբան ունենալն իրավաչափ է համարվել նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքով։ Այսինքն, կարող է ունենալ նախաբան, և այդ նախաբանը պարտադիր չի, որ կրի նորմատիվ բեռ իր վրա, դրանք այն իղձերն, այն նպատակներն, ինչի համար ընդունվում է այդ նորմատիվ իրավական ակտը, և ընդհանրապես, նորմատիվ իրավական ակտի ամբողջ էությունն ու բովանդակությունը կոչված է ապահովել այդ նախաբանը»,- ասաց նա:
Զեյնալյանն ընդգծեց, որ նախաբանն է կարևոր, մնացածը ծառայում է, և միջոց է նպատակին հասնելու համար, ինչ նպատակի համար դա արվում է։
«Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի առաջին հոդվածն ասում է, որ այն դրույթները, որին հղում է կատարում կառավարությունը, չեն տարածվում քաղաքացիական նախաձեռնության օրենքների վրա: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ նախաբանը հանենք, և մնա միայն այն, որ Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է հոդված և անցումային դրույթներ մտնում է ուժի մեջ։ Մենք կարծում ենք, որ նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքը և այն առաջարկությունները, որոնք արել են, այս օրենքի նկատմամբ կիրառելի չեն»,- հայտարարեց Զեյնալյանը:
Եղոյանն էլ հարցրեց՝ այսինքն առաջարկներից որևէ մեկը նրանց համար ընդունելի չէ՞։
«Առաջին ընթերցումից առաջ արած կառավարության առաջարկներից ընդունել ենք: Այնպես չէ, որ կառավորությունից ոչինչ չենք ընդունել, կարծում ենք, որ ի նպաստ չեն գործի եթե ընդունենք այս առաջարկությունները»,- ի պատասխան ասաց Զեյնալյանը: