Կառավարությունը դասական աճուրդով կօտարի Նորք...

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 6-ի նիստում պետական գույքն օտարելու մասին որոշում կայացրեց: Խոսքը  Երևանի Նորք-Մարաշ Գ. Հովսեփյան 64/14 հասցեում գտնվող 0.2 հեկտար մակերեսով հողամասի մասին է, որը նախատեսվում է օտարել մրցույթով։

Նախապես որոշվել էր շուկայական արժեքին մոտարկված 76 579 800 ՀՀ դրամ կադաստրային արժեքով գույքն ուղղակի վաճառքի ձևով օտարել քաղաքացի Արտակ Դալդումյանին՝ Երևանում տեխնոլոգիական կենտրոն ստեղծելու նպատակով՝ համաձայն գնորդի կողմից ներկայացված գործարար ներդրումային ծրագրի։

Նախագիծը քննարկվել է ֆինանսատնտեսական նախարարարական կոմիտեի նիստում,որին տրվել է  բացասական դիրքորոշում և ՀՀ վարչապետի աշխատակազմի հանձնարարականով հետ է վերադարձվել՝ առաջարկելով ՀՀ ՏԿԵ նախարարությանը  գույքի օտարման առաջարկություն ներկայացնել  շուկայական գնահատված արժեքից ոչ ցածր գնով։

Այնուհետեւ մշակվել է  ՀՀ կառավարության որոշման  նոր նախագիծ, որով առաջարկվում է հողամասն օտարել դասական աճուդով։

Աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել  է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 409 256 000 ՀՀ դրամ։

Գույքի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 76 579 800 ՀՀ դրամ է: