«Հայաստանի Հանրապետության առջև կան բազմաթիվ մարտահրավերներ։ Հարգելի հայրենակիցներ, երևի լսել եք, որ ասում են՝ գազի գինը հնարավոր է՝ թանկանա շուրջ 70 տոկոսով։ Հնարավոր է, որ դրամական հոսքերը կրճատվեն 1 միլիարդ 800 միլիոն դոլարով։ Սրանք որոշակի ռիսկեր են ենթադրում Հայաստանի Հանրապետության տնտեսության համար։
Եվ, բնականաբար, մենք հարցեր ենք ուղղում համապատասխան պաշտոնյաներին՝ ֆինանսների նախարարին, էկոնոմիկայի նախարարին, Կենտրոնական բանկի նախագահին։ Եվ ի՞նչ պատկեր ունենք։ Ինչ-որ մի խառնաշփոթ է, ժողովուրդ ջան, իրարամերժ բաներ են խոսում այս մարդիկ։
Ֆինանսների նախարարն ասում է՝ դա մեզ վրա չի ազդի, ընդամենը 1 տոկոսի ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա։ Էկոնոմիկայի նախարարը հայտարարում է 7 տոկոսի մասին, հետո փոխում է խոսքը և ասում՝ ԵԱՏՄ-ն մեզ վնաս է, որովհետև մենք ավելի շատ տալիս ենք, քան ստանում։ Հարց է առաջանում՝ եղբայր, այդ դեպքում ինչո՞ւ կամավոր դուրս չեք գալիս ԵԱՏՄ-ից, որովհետև այդ ռիսկն էլ կա։
Խոսում են ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին։ Դուրս եմ գալիս այս ճեպազրույցներին, և բոլոր ՔՊ-ականները՝ մասնագետ թե ոչ մասնագետ, իրար հերթ չտալով՝ ասում են, որ նման բան հնարավոր չէ՝ մոռանալով, որ դա կարող է լինել, ասենք, քաղաքական որոշումների հետևանք, ոչ թե իրավական գործընթաց ենթադրող քայլ։
Եվ վերջապես, Կենտրոնական բանկի նախագահը սկզբում խոսում էր ապոկալիպտիկ հետևանքների մասին, այնուհետև վարչապետը հայտարարեց, որ ով նման բան է ասում, տնտեսությունից ոչինչ չի հասկանում։ Մի խոսքով՝ սարսափելի խառնաշփոթ է»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյան։
Մանրամասն՝ տեսանյութում։



