
NEWS.am-ը գրում է. Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի անդամ Արեգա Հովսեփյանը NEWS.am–ի հետ զրույցում անդրադարձել է Կառավարության այսօրվա որոշմանը։
Այսօր Կառավարությունը որոշում է կայացրել 3,2 մլն դոլար հատկացնել օտարերկյա իրավաբանական ընկերությանը՝ ՀԷՑ-ի գործով կառավարության շահերի պաշտպանության համար։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
Զարմանալու ոչինչ չկա։ Կառավարությունը բազմիցս ցույց է տվել, որ չունի որևիցե բարդույթ հարկատուների հաշվին ձևավորվող բյուջեի միջոցների մսխման, վատնման հարցում։ Կառավարության գործած անօրինականությունների համար հերթական անգամ վճարում ենք հարկատուներ՝ իրենց սեփական գրպանից։ Ցավոք, սա ՀԷՑ-ի գործով Կառավարության անօրինական և անհեռատես գործողությունների հետևանքների դեռ սկիզբն է, դեռ մի շատ փոքր մասն է։
Այսօր կառավարության շահերի պաշտպանության համար հատկացված ահռելի գումարով կարելի էր լուծել բազմաթիվ սոցիալական խնդիրներ։ Մի երկրում, որտեղ աղքատությունը կազմում է 23.7 %, այսինքն բնակչության ամեն չորրորդ մարդն աղքատ է ապրում, հսկայական գումարների մսխումը երկրի վարչապետի քմահաճույքների բավարարման համար, մեղմ ասած, չի համապատասխանում ժողովրդավարության սկզբունքներին։ Մի երկրում, որտեղ կան շուրջ 150 000 փախստականներ, որոնց տրամադրվող աջակացության ծրագրերը խիստ կրճատվել են, կարելի է ասել դադարեցվել, նման գումարների վատնումը չի կարող չառաջացանել իրական դժգոհություն։ Այդ գումարով կարելի էր, օրինակ, առնվազն 50 սոցիալապես անապահով, անօթևան բազմազավակ ընտանիքների ապահովել բնակարաններով, կամ, օրինակ, սեպտեմբերի 1-ին ընդառաջ գրեթե բոլոր դպրոցականներին ապահովել անհրաժեշտ գրենական պիտույքներով։ Այստեղ իրավիճակն էլ ավելի է տխուր դառնում, եթե նշենք, որ երեխաների շրջանում Հայաստանում աղքատության մակարդակը հասնում է 31,7 %:
Ի դեպ, այս համատեքստում ուզում եմ հարցնել հետևյալի մասին. իշխանության ներկայացուցիչները մեղմ ասած բացասական արձագանքեցին Սամվել Կարապետյանի նախաձեռնությանը՝ գյուղական համայնքների առաջին դասարանցիներին նվիրել դպրոցական պայուսակ՝ անհրաժեշտ գրենական պիտույքներով։
Նախ, ուզում եմ ընդգծել, որ Կարապետյանների այս նախաձեռնությունն ունի ավելի քան երեսուն տարվա պատմություն։ Համացանցում դրա մասին բազմաթիվ նյութեր կան։ Ինչ վերաբերում է առաջին դասարանցիներին դպրոցական պայուսակներով և գրենական պիտույքներով ապահովման ծրագրին, ապա պետք է նշեմ, որ բազմաթիվ երկրներում այդ հոգսը կրում է հենց պետությունը, այլ ոչ թե ծնողը։ Որոշ երկրներում առաջին դասարանցիները պետությունից նվեր են ստանում ոչ միայն դպրոցական պայուսակներ, գրենական պիտույքներ, այլև համակարգիչներ։
Հայաստանում, ցավոք, պատկերը բոլորովին այլ է։ Պետությունը ոչ միայն չի ապահովում դպրոցականներին անհրաժեշտ դպրոցական պայուսակով, գրենական պիտույքներով, այլև այս և նախորդ տարիներին հաջողացրել է ձախողել մինչև ուսումնական տարվա մեկնարկը դպրոցական դասագրքերի տպագրության գործընթացը։ Ուսումնական տարվանն ընդառաջ իշխանություններին կոչ ենք անում անտեղի մեկնաբանությունների փոխարեն գործուն քայլեր ձեռնարկել՝ անցած տարիների պես դասագրքերի բացակայության պատճառով առաջ եկած ուսումնական ճգնաժամը բացառելու համար։