Կառավարության դիմաց կրկին իրենց բողոքն էին եկել բարձրաձայնելու Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները: Ասում են՝ հույս չունեն, թե որևէ մեկը Կառավարությունից դուրս կգա իրենց լսելու կամ ինչ-որ լուծում տալու: Արդեն սովորել են իրենց հանդեպ անտարբերությանը: Կառավարություն գալիս են արդեն միայն լրագրողներին տեսնելու՝ նրանց միջոցով բողոքը բարձրաձայնելու և պատկան մարմիններին հասցնելու:
Բնակիչները ասում են՝ Երևանի ավագանու անդամ եղած ժամանակ ներկայիս Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն էր իրենց լսում և փորձում ամեն կերպ օգնել, բայց այժմ իր գործունեության ոլորտը փոխվել է, էլ բան չի կարող անել: Իրենցից գոհ են, ասում են՝ «մարդը ինչ կարող էր, արել է, գոնե լսել է»:
Հիշեցնենք՝ 14 տարի առաջ Հյուսիսային պողոտայի բնակիչները առ այսօր չեն համակերպվում հատկացված փոխհատուցման գումարի չափի հետ, որը տրամադրվել է այլ վայրերում բնակարաններ գնելու համար։ Իրենց խոսքով՝ փոխհատուցումները չնչին են եղել, իսկ քաղաքապետարանն այժմ իրենց պատասխանում է, թե խնդիրն իր իրավասության ներքո չէ:



