Կառավարության բոլոր ծրագրերը միտված են վերացն...

Էն իրավիճակում, որ գտնվում են արցախցիները, փոխանակ Հայաստանում հենց իշխանությունների կողմից ընկալվեն որպես սիրտ ու հոգի, հակառակը՝ դիտարկվում են որպես սոցիալական ծրագրերի մատերիալ: Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մատաքսե Հակոբյանը։

Նա կարծիք հայտնեց, որ տեղահանված, ցեղասպանությունից մազապուրծ եղած արցախցիներին չի կարելի որպես բեռ դիտարկել։

«ՔՊ-ական բարձրախոսերը շատ հաճախ չեն զլանում ձևակերպումներ անել՝ «Արցախցի» երևույթը որպես վտանգ ներկայացնել»,-ասաց Հակոբյանը և հավելեց. «Կառավարության բոլոր ծրագրերը միտված են վերացնելու «արցախցի», «Արցախ» եզրույթի ներկայությունը և գոյությունը, կոտրվի արցախցին, որպեսզի նա հենց հասարակության կողմից կոտրվի և գլուխը կախ ման գա հասարակության մեջ կամ թողնի հեռանա Հայաստանից»։

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորը հայտարարեց, թե արցախցիները երբեք ՀՀ կառավարությունից չեն պահանջել դրամ, սեփական բնակարաններ այլ՝ արժանապատիվ կեցություն։

«Որովհետև ցանկացած արցախցու երազանքն իր բնօրրան վերադառնալն է և ցավալին այն է, որ մենք մեր հայրենիքի այս հատվածում մեզ անհայրենիք ենք զգում և այն անում են միայն այս իշխանությունները՝ իրենց ամենօրյա տեռորի, բռնաճնշումների, մեր ճակատին դրած խարանի և այն ողորմելի վիճակի նկարագրությամբ, որը նրանք անընդհատ փորձում են տալ»,-հայտարարեց Մետաքսե Հակոբյանը։

Նա շեշտեց, որ ՀՀ գործողիշխանության պայմաններոմ հնարավոր չէ հասնել Արցախի հարցի լուծման և միակ ճանապարհը այն տաք պահելն է,ինչը և անում է արցախցին։