«Հայաստանում անհրաժեշտ է կապիտալ, որն ունի հայրենիք և պատասխանատվություն մեր երկրում ապրող մարդու, հողի ու ապագայի նկատմամբ»- ասաց ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանը՝ հորդորելով բացառել մեր երկրի համար «Կապիտալը հայրենիք չունի» հայտնի արտահայտությունը։
Այսօր «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային գործարար համաժողովի ժամանակ պատգամավորը հայտարարեց, որ հարկային օրենսդրության մեջ կատարվելիք առաջիկա փոփոխությունները կարևորելու են աշխատանքը։
«Մենք գնում ենք աշխատանքի վրա հարկային համակարգի մեղմացմանը, հետագայում նաև կմտածենք կապիտալի հարկային համակարգի ավելացման ուղղությամբ, այսինքն՝ որ աշխատող մարդը ունենա ավելի լավ հնարավորություններ Հայաստանում աշխատելու համար», - հավելեց Կարապետյանը։



