Կանադան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջ...

Կանադան ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև անցյալ շաբաթ ձեռք բերված համաձայնությունները։ Նախաստորագրելով խաղաղության համաձայնագիրը և ճանաչելով Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ այս երկրները կարևոր քայլեր են ձեռնարկել տարածաշրջանի ժողովուրդների համար արդար և երկարատև խաղաղության հասնելու ուղղությամբ։ Այս մասին ասված է Կանադայի ԱԳ նախարարի հայտարարությունում: 

«Կանադան բարձր է գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնորդությունը և Վաշինգտոնի ձեռքբերումները համաձայնագրի հասնելու գործում։

Դիվանագիտական բանակցությունների միջոցով ձեռք բերված նման համաձայնագրերը բացում են հստակ ճանապարհ դեպի Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղություն, որը կնպաստի չլուծված խնդիրների լուծմանը, այդ թվում՝ բոլոր հայ կալանավորվածների և ռազմագերիների ազատ արձակմանը, հայ խաղաղ բնակիչների անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքին և մշակութային ժառանգության պահպանմանը։

Կանադան ի գիտություն է ընդունում ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշումը և շարունակում է հանձնառու մնալ աջակցելու ցանկացած ապագա պայմանավորվածության, որը կապահովի ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության հարգման և ինքնորոշման իրավունքի սկզբունքները։

Կանադան վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության, կայունության և բարգավաճման նկատմամբ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային քաղաքական լուծման հասնելու հարցում», - ասված է հայտարարությունում։