Կան հարցեր, որտեղ ՀՀ–ն ունի հարցադրումներ ՌԴ–...

Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները թափանցիկ են եւ բազմաոլորտ են ու բազմաբնույթ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Փաշինյանի վերջին ասուլիսում Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքի մեղմացում նկատվեց:

«Իհարկե կան բազմաթիվ հարցեր հայ-ռուսական հարաբերություններում, եւ այդ հացերը բազմիցս մենք բարձրաձայնել ենք: Բայց նաեւ ես չեմ կարծում, որ հռետորաբանությունն է ինչ-որ կերպ փոխվել: Այո, կան հարցեր, որոնց վերաբերյալ մենք սուր դիրքորոշումներ ենք հայտնել, եւ կան հարցեր, որոնց շուրջ կա ըմբռնում, գործընկերային հարաբերություններ:  Ես չեմ կարծում, որ այստեղ աշխարհացունց բաներ են տեղի ունեցել, որի հետեւանքով տոնայնություն կամ հռետորաբանություն է փոխվել, մանավանդ վարչապետի մոտ, որը մշտապես բավականին գործընկերային հարաբերություններ ունի:

Այո, կան հարցեր, որտեղ Հայաստանը դեռ ունի հարցադրումներ ՌԴ-ին եւ դրանց շուրջ եղել են, կան ու գուցե կլինեն սուր մեկնաբանություններ մեր կողմից»,-ասաց նա:

ԱԺ հանձնաժողովի նախագահի խոսքով, հիմնական հարցը, որի վերաբերյալ Հայաստանն ունի հարցադրումներ, այն է, որ Ռուսաստանը անվտանգային ու պաշտպանական հարաբերություններում չի կատարել ու չի կատարում իր պարտավորությունները, այդ թվում ՀԱՊԿ շրջանակներում:

Անդրադառնալով Ռքուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովային, Խանդանյանն ասաց. «ՌԴ-ում, այո կան պաշտոնյաներ, որոնք շարունակաբար խախտում են ոչ միայն դիվանագիտական էթիկայի, այլ ընդհանրապես կյանքի էթիկայի կանոնները: Վերջին շրջանի մի շարք ձեւակերպումներ եւ մեկնաբանություններ ՀՀ-ի հասցեին եղել են շատ անհարգալից եւ դրանք արձագանքի են արժանանում»:

Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետին եւ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությանը, թե Հայաստանը սաբոտաժ է անում, Խանդանյանն ասաց. «Երբ կողմերը խոսում են նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին, պետք է ամբողջության մեջ դա դիտարկեն ու հասկանան՝ ով ինչ է արել ու ինչ չի արել: Չկա այդ փաստաթղթում մի կետ, որը Հայաստանը չի իրականացրել: