Ազգային Ժողովի դիմաց շարունակվում է «Կամք» հասարակական նախաձեռնության նստացույց-ստորագրահավաքը՝ «Ստամբուլյան կենվենցիա»-ի վավերացմանը դեմ պահանջով: Այսօր 8-րդ օրն է:
Politik.am-ի հետ զրույցում «Կամք» հասարակական նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը տեղեկացնում է, որ այս պահին ստորագրելու կետ կա նաև Հյուսիսային պողոտայում, ևս մեկ շարժական կետ՝ Նոր Նորք համայնքում, և նախնական որոշմամաբ՝ այնտեղ կմնա 5 օր, ապա կտեղափոխվի Երևանի այլ հատված:
Չախալյանի խոսքով՝ բազմաթիվ դիմումներ և զանգեր են ստանում նաև Հայաստանի տարբեր անկյուններից և փորձում են տարբերակներ գտնել՝ նաև նրանց ստորագրահավաքին մասնակցելու հնարավորություն ստեղծելու համար:
Վահագն Չախալյանը նշում է, որ ստորագրահավաքի ընթացքը մեկնարկի պահից բավականին հանգիստ է անցնում, իրավապահները պահպանում են համապատասխան կարգը: «Փոքրիկ սադրանքներ եղել են կոնվենիցիային կողմ անձանց կողմից, բայց ամեն ինչ արագորեն հարթվել է»,-նշում է նա:
«Կամք» հասրակական նախաձեռնության ղեկավարը դեռևս չի ցանկանում նշել, թե այս օրերի ընթացքում քանի ստորագրություն է հավաքվել. «Միայն կարող եմ ասել, որ մեր նախատեսվածից շատ-շատ ավելին է: Երբ մեր ինքնաբուխ որոշումը կայացվեց՝ ստորագրահավաք սկսելու, մոտավոր հաշվարկ կատարեցինք, թե ամեն շաբաթ քանիսը կլինեն, բայց ստորագրողները դրանից շատ ավելին են»:
Չախալյանն ընդգծում է՝ ստորագրահավաքի առաջնահերթ նպատակը իշխանությանը ցույց տալն է, որ ժողովուրդը դեմ է այդ կոնվենցիային, իսկ վավերացնե՞լ, թե՞ ոչ՝ կորոշի ԱԺ-ն: «Այդ դեպքում ևս թող իրենք իմանան, որ մենք միանշանակ չենք լռելու, և պայքարելու ենք դրա դեմ»,-ամփոփում է Վահագն Չախալյանը:



