Նոյեմբերի 9-ից մեկնարկում է 2024 թ. ուսուցիչների կամավոր ատեստավորումը, որն այս տարվանից կանցկացվի բացառապես էլեկտրոնային եղանակով: Ներկայացնելով նոր փոփոխությունները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն Արմենպրես գործակալությունում հրավիրված մամուլի ասուլիսում նշել է, որ ներկայացվել է ավելի քան 6000 հայտ:
35 քննական կենտրոն. էլեկտրոնային համակարգը փորձարկվել է
Երևանում և ՀՀ բոլոր մարզերում ձևավորվել է 35 քննական կենտրոն, որոնք կահավորվել են համապատասխան սարքավորումներով և անհրաժեշտ այլ պայմաններով: Նախարարի տեղակալի խոսքով՝ այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար հայտագրվել են 5620 աշխատող ուսուցիչ և 572 չաշխատող անձինք, որոնց մեջ ներառված են նաև նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում հանրակրթական առարկաներ դասավանդող մանկավարժները:
«Նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները ևս այս տարի պարտադիր պետք է մասնակցեն կամավոր ատեստավորմանը, ինչը պայմանավորված է «Հանրակրթության մասին» օրենքում կատարված վերջին փոփոխությամբ: Հերթական ատեստավորման շրջանակում 607 ուսուցիչների կարիքի գնահատմամբ նշվել է առարկայական գիտելիքի իմացության անհրաժեշտություն, հետևաբար այս խմբի ուսուցիչների համար ևս կամավոր ատեստավորման շրջանակում գիտելիքի ստուգում է կատարվելու: Էլեկտրոնային համակարգը պատրաստ է. ուսուցիչներին նաև փորձարկման հնարավորություն էր ընձեռվել: Հուսով եմ՝ ուսուցիչներն արդեն փորձարկել ու ծանոթացել են և կգրանցեն դրական արդյունքներ»,- ասել է Արաքսիա Սվաջյան:
Քննական կենտրոնների մասնագետները տեխնիկական հարցերում կաջակցեն ուսուցիչներին
Նրա խոսքով՝ համակարգը բավական պարզ կառուցվածք ունի. պարզապես պետք է ընտրել ճիշտ պատասխանը, որոշ դեպքերում էլ՝ թվային տվյալներ լրացնել: «Ուսուցիչներից բարդ տեխնիկական հմտություններ չի պահանջվում: Քննական կենտրոններում կլինեն նաև մասնագետներ, որոնք անհրաժեշտության դեպքում տեխնիկական աջակցություն կտրամադրեն ուսուցիչներին»,- նշել է Արաքսիա Սվաջյանն ու հիշեցրել՝ ուսուցիչները կամավոր ատեստավորմանը պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով:
Կամավոր ատեստավորման քննությունները կանցկացվեն նոյեմբերի 9-24-ը՝ ժամը 10:00-ին և 15:00-ին:
Էլեկտրոնային ատեստավորման դրական կողմերի մասին
Անդրադառնալով նախապատվությունն էլեկտրոնային ձևաչափին տալուն՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ այն առաջին հերթին հնարավորություն կտա ժամանակ տնտեսել, խուսափել հնարավոր սխալներից: Ընդ որում՝ «պահպանել» կոճակը սեղմելուց հետո ուսուցիչները ցանկացած պահի կարող են վերադառնալ և խմբագրել իրենց լրացրած պատասխանը: Թեստը համարվում է ամփոփված միայն «ամփոփել» կոճակը սեղմելուց հետո: Էլեկտրոնային ձևաչափը հնարավորություն է տալու նաև անմիջապես տեղում տեսնելու, թե ուսուցիչը քանի տոկոս արդյունք է գրանցել:
Արաքսիա Սվաջյանը վստահություն է հայտնել՝ թվային ձևաչափի միջոցով գործընթացն ավելի դյուրին կընթանա, և ավելորդ լարվածություն չի առաջացնի ուսուցիչների շրջանում: Նրա փոխանցմամբ՝ ծրագրի դեմո տարբերակը շուրջ 6000 մուտք է ունեցել:
«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության մասին
Ասուլիսի ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է նաև «Հանրակրթության մասին» օրենքում կատարված վերջին փոփոխությունները, որոնք ուղղակիորեն կապ ունեն նաև ուսուցիչների կամավոր և հերթական ատեստավորման գործընթացների հետ:
«Առանձնացվել են կամավոր և հերթական ատեստավորման կարգավորումները: Օրենքում հստակ սահմանվել է, որ ուսուցիչները կամավոր ատեստավորմանը մասնակցում են իրենց ցանկության պարագայում, ինչպես նաև այն դեպքում, եթե նախորդ տարի չեն հաղթահարել կամավոր ատեստավորման շեմը»,- ասել է Արաքսիա Սվաջյանն ու նաև տեղեկացրել՝ ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացն այս տարվանից առաջին անգամ իրականացվում է մասնագիտական կարիքի գնահատման արդյունքների հիման վրա՝ համաձայն նոր կարգի:
Նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ մասնավոր դպրոցներից ստացված առաջարկի հիման վրա առանձին կետ է ավելացվել առ այն, որ ոչ պետական դպրոցների ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացը իրականացվի փոքր-ինչ այլ եղանակով: Մասնավորապես՝ այլընտրանքային կրթական ծրագիր իրականացնող հանրակրթական դպրոցներին հնարավորություն է տրվում պետական լիազոր մարմնի կողմից համապատասխան հաստատումից հետո ուսուցիչների մասնագիտական զարգացման սեփական ծրագրեր ներդնելու: