Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը, մեկնաբանելով Գրենլանդիայի մասին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն, ասել է, որ Դանիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի։
«Գրենլանդիան Դանիայի մի մասն է։ Մենք պետք է հարգենք [Դանիայի] տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- նրա խոսքերն է մեջբերում Agence France Presse-ը։ Ավելի վաղ, ԵՄ արտաքին ծառայության խոսնակ Անիտա Հիպերը Եվրահանձնաժողովի (ԵՀ) մամուլի ասուլիսում խոսել էր Գրենլանդիայի վերաբերյալ Թրամփի հայտարարությունների հետ կապված ինքնիշխանության հարգման կարևորության մասին։
Երեքշաբթի օրը Ֆլորիդայում կայացած մամուլի ասուլիսում Թրամփն ասաց, որ չի կարող բացառել տնտեսական կամ ռազմական հարկադրանքի կիրառումը Պանամայի ջրանցքի և Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու համար: Անցյալ տարվա վերջին նորընտիր նախագահն ասաց, որ Վաշինգտոնը պետք է վերահսկի Գրենլանդիան: