Ջունգլի Անոն և Տիգրան Հակոբյանը, կամ ինչպես 1...

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը շարունակում է անձնուրաց ծառայություններ մատուցել գործող իշխանություններին։ Այս անգամ ևս նա թիրախավորել է այն հեռուստաընկերություններին, որոնք լուսաբանում են ընդդիմության բողոքի ակցիաները։ Հակոբյանը հայտարարել է, թե «Գողացված փողերով որոշ ՀԸ-ներ ֆինանսավորվում են, ինչո՞ւ եք միայն Հ1-ից խոսում»։

Առաջին հարցն իհարկե այն է, թե Հակոբյանը ինչու՞ չի գնում դատախազություն կամ ոստիկանություն և գողացված փողերի մասին հաղորդում տալիս։ Բայց, եթե անգամ գնա և հաղորդում տա, դա դեռ բավարար չէ, որպեսզի նա իրեն իրավունք վերապահի թիրախավորել հեռուստաընկերություններին, որոնք լուսաբանում են ընդդիմության հավաքները։

Ամենազավեշտալին այն  է, որ գողացված փողերից խոսում է մի մարդ, որը դատապարտվել է փողերի գողացման համար։ 

Panorama.am-ում կարդում ենք․ «Տիգրան Հակոբյանն ու Վահան Մուսինյանը մեղադրվում են ավելի քան 184 մլն դրամ հափշտակելու, յուրացնելու մեջ, նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Տիգրան Հակոբյանը 2009-ի մարտից մինչև 2010թ. մայիսը աշխատել է «Ագրոհոլդինգ» ՍՊ ընկերությունում որպես տնօրեն: Նշենք, որ ընկերության սեփականատերը Տ. Հակոբյանի` Ռուսաստանում բնակվող դասընկերն է, ով Հակոբյանին նաև «Լեքսուս» է նվիրել:

ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանի եղբայր Վահան Մուսինյանն այնուհետև Տիգրան Հակոբյանի կողմից սեփականատերերին ներկայացվել է որպես գյուղատնտեսության ոլորտի բանիմաց մասնագետ և կարող է նպաստել, որպեսզի ընկերությունն առավել արդյունավետ կազմակերպի իր գործունեությունը: Դրանից հետո Վ. Մուսինյանը սկսել է գործարքների վերաբերյալ որոշակի գործունեություն իրականացնել, սակայն այդ գործարքներից ստացված ոչ բոլոր գումարներն են մուտք եղել ընկերության դրամարկղ:

Մասնավորապես 2009-ին մարտ-հունիս ամիսներին անասուների, դրանց մսի, կաթի վաճառքից ստացված գումարից 39 մլն դրամը ընկերության դրամարկղ մուտք չի եղել: Նախնական տեղեկություններով, գումարը յուրացրել են երկուսով:
Բացի այդ, նույն տարվա ընթացքում սեփականատերերը 160 մլն դրամ կանխիկ գումար են տրամադրել համապատասխան ներդրումներ կատարելու համար, սակայն ընկերությունում մուտքագրվել է շուրջ 15 մլն դրամի ընդհանուր արժողությամբ գույք, այսինքն 145 մլն դրամը հափշտակվել է:

Տիգրան Հակոբյանն այժմ նախնական կալանքի տակ է, նրան մեղադրանք է առաջադրվել այս տարվա հունվարի 14-ին: Իսկ Վահան Մուսինյանը հետախուզման մեջ է: Գործի քննությունը վարում է ոստիկանությունը

Տիգրան Հակոբյանը դատարանում ընդունել է մեղադրանքը և նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված դատաքննության կարգով»,-ասվում է լրատվամիջոցի 2013 թվականի հրապարակման մեջ:

Նույն տրամաբանությամբ քաղաքային լեգենդ դարձած Ջունգլի Անոն կարող է քաղաքում ազատ հագնվող երիտասարդ աղջիկներին բարոյականության դասեր տալ և հասարակությանը ուղղորդել, թե ում համարեն բարոյական, իսկ ում՝ ոչ։ 

Հայաստանը կարծես դարձել է շուռ տված հայելիների թագավորություն։ Եվ, եթե Ջունգլի Անոն ողջ լիներ, ապա անպայման իր աջակցությունը կհայտներ Տիգրան Հակոբյանին։