Ամերիկացի միլիարդատեր եւ Բաց հասարակության հիմնադրամի հիմնադիր Ջորջ Սորոսը Սթենֆորդի համալսարանում դասախոսության ժամանակ կոչ է արել միջազգային հանրությանը համոզել Չինաստանին փոխել քաղաքական ռեժիմը։ Այս մասին հաղորդվում է գործարարի թվիթերյան էջին։
Սորոսը նաեւ ասել է, որ ՉԺՀ-ի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը պետք է լքի չինական պետության ղեկավարի տեղը։ «Դա կվերացնի ամենամեծ վտանգը, որին բախվում են այսօր բաց հասարակությունները, եւ նրանք պետք է ամեն ինչ անեն՝ խրախուսելու Չինաստանին շարժվել ցանկալի ուղղությամբ», - ասել է միլիարդատերը:
Սորոսի խոսքով՝ Չինաստանն այժմ «աշխարհի ամենահզոր ավտորիտար պետությունն» է դարձել։ Նա նշել է, որ Սի Ցզինպինը, ի տարբերություն Չինաստանի նախկին առաջնորդ Դեն Սյաոպինի (ով շուկայական բարեփոխումներ է իրականացրել երկրում), իսկապես հավատում է կոմունիզմին։
Այդպես, ըստ Սորոսի, Չինաստանի ներկայիս նախագահն իր կուռքերն է համարում կարմիր բռնակալներ Մաո Ցզեդունին եւ Վլադիմիր Լենինին։
Միլիարդատերը նաեւ զգուշացրել է, որ Սի Ցզինպինը 2022 թվականի Օլիմպիական խաղերն օգտագործում է այնպես, ինչպես երրորդ ռեյխի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերը՝ 1936 թվականին «խիստ վերահսկողության իր համակարգի քարոզչական հաղթանակի համար»:



