Օրերս հայտնի դարձավ, որ Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշում է կայացրել «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերի վարույթները կասեցնելու վերաբերյալ:
ՍԴ կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, այդ գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու կապակցությամբ դատարանը որոշել է մինչև պատասխաններ ստանալը կասեցնել վարույթները:
ՍԴ այս որոշումը անհանգստացրել է իշխանությանը սպասարկող իրավաբաններին և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցներին։ Հետաքրքիր է, որ նախկինում այս գործիչները հայտարարում էին, որ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ն չի կարող անաչառ որոշումներ կայացնել, քանի որ ՍԴ դատավորները նախկին իշխանությունների օրոք են նշանակվել։ Իսկ երբ ՍԴ-ն որոշեց դիմել վերպետական կառույցի՝ կարծիք ստանալու նպատակով, նույն անձինք սկսեցին պնդել, թե Հայաստանում կան իրավաբաններ, որոնք կարող էին այդ հարցերի պատասխանները տալ, և ամենևին էլ կարիք չկար դիմել ՄԻԵԴ կամ Վենետիկի հանձնաժողով։
Այս գործում հատկապես ակտիվ է նախկին զինդատախաղ Գագիկ Ջհանգիրյանը, ում, ըստ մամուլի հրապարակումների, Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է քննչական կառույցներից մեկի ղեկավար նշանակել տալ։ Ջհանգիրյանը պնդում է, որ ինքն իրենից բացի՝ գիտի երկու-երեք «անաչառ» իրավագետների, որոնք կարող էին օբյեկտիվ գնահատական տալ։
Միայն պատկերացնել կարելի է, թե ինչ օբյեկտիվ գնահատականի մասին է խոսում մարդն, ում զինդատախազ աշխատած տարիներին, իր իսկ հսկողության տակ գտնվող Մատաղիսի գործով երիտասարդներ են ցմահ դատապարտվել՝ իրենց չարած հանցագործության համար։ Երիտասարդների ծնողները լրատվամիջոցների հետ զրույցում բազմաթիվ անգամներ պնդել են, որ հենց Ջհանգիրյանն է եղել իրենց տղաների վրա «գործ կարողը» եղել։ Հիշեցնենք, որ Մատաղիսի գործը վերաբացվել է, և հնարավոր է՝ նախկին զինդատախազն ինքը հայտնվի մեղադրյալի աթոռին։
Ջհանգիրյանի անհանգստությունը շատերի մոտ հարց է առաջացնում, թե ինչու՞ է նա մտահոգվում, եթե գործը գնացել է ՄԻԵԴ։ Ի վերջո, դժվար է ՄԻԵԴ-ին մեղադրել կոռումպացված լինելու մեջ, կամ հայտարարել, որ ՄԻԵԴ դատավորներին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է նշանակել։ Պատասխանը շատ պարզ է՝ իշխանությունները Ջհանգիրյանի բերանով ի ցույց են դնում իրենց վախերը։ Ամբողջ խնդիրն այն է, որ ՄԻԵԴ-ը կոռումպացված կառույց չէ, և Հայաստանի ԱԱԾ պետը չի կարող վարչապետի անունից ՄԻԵԴ դատավորին ասել՝ «ուզես, չուզես պիտի տաս»։ Հենց ՄԻԵԴ-ի անաչառությունն ու անկախություն է վախեցնում իշխանություններին, և հենց դրա համար է, որ տարատեսակ ճանապարհներով փորձում են ազդել ՍԴ-ի վրա։ Բայց «գնացքն» արդեն գնացել է, և հնարավոր չէ այլևս գործընթացները վերադարձնել իշխանությունների համար կանխատեսելի հունի։



