Վաղը՝ մայիսի 10-ին, մի խումբ ակտիվիստներ Երևանից ավտոերթով կմեկնեն Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնք՝ մեծ հանրահավաք իրականացնելու: Նպատակը՝ ևս մեկ անգամ բարձրաձայնել, որ «Լիդիան Արմենիա»-ին թույլ չեն տա Ամուլսարն օգտագործել որպես մետաղագործական կենտրոն:
Ավտոերթի կազմակերպիչներն ասում են՝ շուրջ 11 ամիս է, ինչ Ջերմուկ համայնքի բնակիչները կայացրել են որոշում, որ Ամուլսարը պիտի սար մնա:
Ակտիվիստների խոսքով՝ Ջերմուկ համայնքը և իրականում Հայաստանի ամբողջ կենտրոնական ու հարավային շրջանը խոշոր բնապահպանական կոլապսից պաշտպանելու համար, ինչպես նաև որոշումներ կայացնելու իրենց ժողովրդավարական իրավունքը հաստատելու համար Ամուլսարի պահապանները 11 ամիս օր ու գիշեր կանգնած են եղել դեպի Ամուլսար լեռը տանող դաշտամիջյան ճանապարհներին:
Մայիսի 11-ին Ջերմուկ համայնքը և բոլոր այն մարդիկ, ովքեր դեմ են Ամուլսարի մետաղական հանքի շահագործմանը, դուրս են գալու փողոց՝ վերահաստատելու ամիսներ առաջ իրենց կայացրած որոշումը՝ ուղերձ հղելով ՀՀ Կառավարությանը, որ հանրության ձայնն ու Ջերմուկ համայնքի բնակիչների իրավունքները լսելի պետք է լինեն և հաշվի առնվեն որոշումների կայացման ժամանակ:
Հիշեցնենք՝ այս պահին միջազգային կազմակերպությունն ուսումնասիրություններ է իրականացնում Ամուլսարում, որից հետո կորոշվի՝ Ամուլսարը կշահագործվի՞ որպես հանքարդյունաբերական կենտրոն, թե՞ ոչ: Ուսումնասիրության արդյունքները պարզ կլինեն այս ամսվա վերջին կամ մայիսի սկզբին:



