Իտալիայից հետո Վենսը կայցելի Հայաստան և Ադրբե...

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը կայցելի Հայաստան և Ադրբեջան Միլանում կայանալիք Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցելուց հետո։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը փոխնախագահ Վենսը կգլխավորի ամերիկյան պատվիրակությունը, որի կազմում են նրա կինը՝ Ուշա Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Իտալիայում ԱՄՆ դեսպան Թիլման Ֆերտիտտան։

«Իտալիայից հետո Վենսը կայցելի Հայաստան և Ադրբեջան, որտեղ Թրամփը նրան հանձնարարել է մշակել համաձայնագիր՝ ուղղված երկու երկրների միջև քառասունամյա հակամարտության դադարեցմանը», — հաղորդում է Associated Press-ը՝ առանց նշելու ԱՄՆ փոխնախագահի Հայաստան և Ադրբեջան ժամանելու օրը։

Միլանում ձմեռային Օլիմպիական խաղերի բացումը տեղի կունենա փետրվարի 6-ին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան այցի մասին հայտարարել էր հունվարի վերջին։