Իտալացի արվեստաբանն ընդգծել է, որ ոգևորված է...

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է իտալացի ճանաչված արվեստի քննադատ, արվեստի պատմաբան Ֆրանչեսկո Գալլո Մացցեոյին, որը Հայաստան էր այցելել քանդակագործ Վիգեն Ավետիսի ուղեկցությամբ՝ դասախոսություններով հանդես գալու նպատակով։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։ 

Նախագահ Խաչատուրյանը ողջունել է Գալլո Մացցեոյի այցը Հայաստան՝ բարձր գնահատելով նրա գործունեությունն արվեստի պատմության և մշակութային ժառանգության ուսումնասիրության ոլորտում։

Նախագահը կարևորել է միջազգային փորձի և գիտելիքի փոխանակման հնարավորությունը՝ ընդգծելով, որ նման շփումները նպաստում են հայ երիտասարդության մասնագիտական աճին, աշխարհայացքի ընդլայնմանը և ստեղծարար մտածողության զարգացմանը։

Ֆրանչեսկո Գալլո Մացցեոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանի հանդեպ իր հետաքրքրությունն ու սերը ձևավորվել են դեռ տարիներ առաջ։ Նա նշել է, որ խորապես տպավորված է հայկական արվեստի յուրահատկությամբ, մշակութային ժառանգության հարստությամբ և մեր ժողովրդի պատմական դիմակայությամբ։

Խոսելով Հայաստանի ներկա օրերի մասին՝ իտալացի արվեստաբանն ընդգծել է, որ ոգևորված է մեր երկրի՝ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերից և մաղթել խաղաղություն, զարգացում ու բարօրություն Հայաստանի ժողովրդին։

Զրույցի ընթացքում քննարկվել են կրթության, գիտելիքի փոխանցման ավանդույթների պահպանության և նորարարության կիրառման կարևորության վերաբերյալ հարցեր:

Երկուստեք ընդգծվել է, որ մշակույթը և կրթությունը մնում են զարգացման այլընտրանք չունեցող ուղիներից։