Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Արև...

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻԲՊ) և Անվտանգության գործակալությունը (Շին Բեթ) հայտարարել են, որ լայնածավալ հակաահաբեկչական գործողություն են սկսել Արևմտյան ափի հյուսիսում։ Այս մասին հայտնում է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

«Չորեքշաբթի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը, սահմանապահ ոստիկանությունը և Անվտանգության գործակալությունը լայնածավալ հակաահաբեկչական գործողություն են սկսել Սամարիայի հյուսիսում (Արևմտյան ափի հյուսիսի իսրայելական անվանում)», - նշված է հայտարարության մեջ։

«Իսրայելի պաշտպանության բանակը և Շին Բեթը թույլ չեն տա, որ ահաբեկչությունն արմատավորվի տարածքում, և գործում են ակտիվորեն՝ այն կանխելու համար», - նշված է համատեղ հայտարարության մեջ։

Իսրայելական բանակը 2023 թ. հոկտեմբերին Գազայի հատվածում պատերազմի սկսվելուց ի վեր ուժեղացրել է Արևմտյան ափում հարձակումները։

Արևմտյան ափում ԻՊԲ-ի և իսրայելցի վերաբնակիչների հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 1000 պաղեստինցի, իսկ մոտ 11 000-ը՝ վիրավորվել։ Ավելի քան 20 000 մարդ ձերբակալվել է։