
Իսրայելի իշխանությունները հոկտեմբերի 20-ին բացել են «Քերեմ Շալոմ» և «Քիսուֆիմ» հսկիչ անցակետերը Գազայի հատվածի հետ սահմանի հարավում և կենտրոնական մասում: Այդ մասին հաղորդել է Իսրայելի 12-րդ ալիքը։
Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ այդ երկու հսկիչ անցակետերը հոկտեմբերի 19-ին փակվել էին այն բանից հետո, երբ նույն օրվա առավոտյան անկլավի հարավի Ռաֆահ քաղաքի շրջանում արմատականների կողմից գնդակոծման հետևանքով սպանվել էր երկու իսրայելցի զինծառայող։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՀԱՄԱՍ շարժմանը մեղադրել է հրադադարի ռեժիմի խախտման համար և զինված ուժերին ցուցում է տվել «միջոցներ ձեռնարկել»։ Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել անկլավում տասնյակ թիրախների, որոնց հետևանքով շուրջ 30 մարդ է զոհվել։ Այնուհետև հոկտեմբերի 19-ի երեկոյան Իսրայելը հայտարարել է, որ վերսկսել է հրադադարի ռեժիմի պահպանումը Գազայի հատվածում։
Ynet լրատվական հարթակի տվյալներով՝ հոկտեմբեի 20-ին Իսրայել են ժամանել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսա և խորհրդական Ջարեդ Քուշները։ Ըստ Axios հարթակի տեղեկատվության՝ նրանց այցը նվիրված կլինի Գազայի հատվածում հրադադարի ռեժիմի կայունացմանը և կողմերի կոնկրետ քայլերի մշակմանը խաղաղության համաձայնագրի հաջորդ փուլ անցնելու ուղղությամբ։
Հոկտեմբերի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ներկայացուցիչները համաձայնության են եկել ամերիկյան ծրագրի առաջին փուլի վերաբերյալ, որը ենթադրում է Գազայի հատվածում պահվող բոլոր պատանդների ազատ արձակում և իսրայելական զորքերի հետքաշում համաձայնեցված դիրքեր։ Հրադադարի շուրջ համաձայնությունն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին: