Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ ուսումնասիրում է այն հավանականությունը, որ Գազայում վերջերս զինվորականների սպանած երեք զինյալներից մեկը ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի առաջնորդ Յահյա Սինվարն է:
«Ներկա պահին ահաբեկիչների ինքնությունը հնարավոր չէ հաստատել»,-ասված է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ:
Իսրայելական բանակը նշում է, որ երեք զինյալների սպանության տարածքում պատանդներ չեն եղել։
Ըստ ՑԱԽԱԼ-ի տեղեկությունների՝ Սինվարը թաքնվում է պատանդների մեջ՝ «օգտագործելով նրանց որպես կենդանի վահան»։
«Տարածքում գործող ՑԱԽԱԼ-ի և անվտանգության ուժերը շարունակում են գործել անհրաժեշտ զգուշությամբ»,-հավելել են Իսրայելի պաշտպանության բանակից:
Ավելի վաղ իսրայելական 12-րդ ալիքը հայտնել էր, որ նախօրեին իսրայելցի զինվորները կրակ են բացել մի խումբ զինյալների վրա, որոնք Գազայում տեղակայված շենքի առաջին հարկում էին։ Երբ նրանք մտել են շենք, հասկացել են, որ սպանված ահաբեկիչներից մեկը «շատ նման է» Սինվարին:
Լրատվամիջոցները հայտնում են, որ ակնկալվում է, որ ինքնությունը հաստատելու համար մի քանի ժամ կպահանջվի, և որ դիակը, որը կարող է լինել Սինվարինը, ԴՆԹ թեստավորում կանցնի: