Իսրայելը հարվածել է Լիբանանին՝ սպանելով ՀԱՄԱՍ...

Իսրայելական ուժերը թիրախավորել են Լիբանանի հարավում գտնվող Սայդաա քաղաքի ազ-Զուհուր թաղամասի բնակելի շենքը, որի հետևանքով երկու հաջորդական պայթյուններ են տեղի ունեցել և հրդեհներ բռնկվել՝ 3 մարդու կյանք խլելով։ Այս մասին հայտնել է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Իսրայելական հարձակման թիրախը եղել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից Հասան Ֆարհատը։ Նրա հետ զոհվել են նաև որդին և դուստրը։

Լիբանանի վարչապետ Նաուաֆ Սալամի լրատվական գրասենյակը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Սայդաա քաղաքը կամ լիբանանյան որևէ այլ տարածք թիրախավորելը բացահայտ հարձակում է Լիբանանի ինքնիշխանության վրա և ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածությունների բացահայտ խախտում:

Հայտարարության մեջ ընդգծվել է Իսրայելի վրա առավելագույն ճնշում գործադրելու անհրաժեշտությունը՝ պարտավորեցնելու նրան դադարեցնել շարունակվող հարձակումները տարբեր շրջանների, հատկապես բնակելի թաղամասերի վրա։

Ապրիլի 3-ին Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ իսրայելական օդուժի գրոհի թիրախ է դարձել Բինտ Ջբեյլ ճանապարհի վրա գտնվող ավտոմեքենան, որի հետևանքով երկու քաղաքացի էր վիրավորվել:

2023 թ. հոկտեմբերից, Գազայի հատվածում ռազմական գործողություններին զուգահեռ, «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև սկսվել էր սահմանային առճակատում, որը 2024 թ. սեպտեմբերի 23-ից վերաճել էր լայնամասշտաբ պատերազմի, որի հետևանքով Լիբանանում զոհվել էր ավելի քան 4000 մարդ, 17 000 մարդ՝ վիրավորվել։ 

Չնայած 2024 թ. նոյեմբերի 27-ին ուժի մեջ մտած հրադադարի մասին համաձայնագրին, շարունակվում են փոխադարձ մեղադրանքները հրադադարը խախտելու վերաբերյալ։

Իսրայելը չի ավարտել իր ուժերի դուրսբերումը հարավային Լիբանանից և շարունակում է վերահսկել լիբանանյան 5 կարևոր բլուրները։