
«Ազատության նավատորմ» նավը Գազայի ափերի մոտ ենթարկվել է իսրայելական անօդաչու թռչող սարքի հարձակմանը, երբ փորձում էր ճեղքել պաղեստինյան անկլավի՝ Իսրայելի կողմից շրջափակումը։ Դրա մասին հայտնել է կատարական Al Jazeera հեռուստաալիքը։
Անօդաչու թռչող սարքի հարվածից հրդեհ է առաջացել նավի վրա։ Հեռուստաալիքը հայտնում է, որ անձնակազմն աղետի ազդանշան է ուղարկել, որին արձագանքել ենԿիպրոսի ռազմածովային ուժերը։ Ըստ Al Jazeera-ի՝ նավը ներկայում խարիսխ է գցել Մալթայի ափամերձ միջազգային ջրերում։
Անցյալ շաբաթ Մերձավոր Արևելքում ՄԱԿ-ի՝ Պաղեստինի փախստականների համար օգնության և աշխատանքների գործակալությունը (UNRWA) ուշադրություն հրավիրեց Գազայի հատվածում ստեղծված ծանր իրավիճակի վրա, որը պայմանավորված էր մարտի 2-ից անկլավին Իսրայելի կողմից մարդասիրական օգնության արգելքով։ «[Անկլավում] սովը տարածվում և խորանում է, այն միտումնավոր է և մարդածին։ Գազան վերածվել է հուսահատության երկրի»,- X-ի իր միկրոբլոգում գրել է UNRWA-ի գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին։