Իսրայելում բռնել են Բենիամին Նեթանյահուի գրաս...

Իսրայելի ընդհանուր անվտանգության գլխավոր ծառայությունը (ՇԱԲԱԿ) հետաքննում է վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի անդամների եւ Կատարի ներկայացուցիչների հնարավոր կապերը։ Իսրայելում իրավապահ մարմինները ձերբակալել են երկու հոգու՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի վարչակազմի ներկայացուցիչների եւ Կատարը ներկայացնող անձանց հնարավոր անօրինական շփումների գործով հարցաքննության համար։ Ինչպես երկուշաբթի հայտնել է ոստիկանությունը, ձերբակալվածների ինքնությունը պաշտոնապես չի բացահայտվել, սակայն 12-րդ ալիքը պնդում է, որ իբր կալանավորվել են Նեթանյահուի ավագ խորհրդական Յոնաթան Ուրիխը եւ վարչապետի նախկին մամուլի քարտուղար Էլի Ֆելդշտեյնը։ Աղբյուրների տեղեկացմամբ՝ ձերբակալվածները պետք է ցուցմունք տան իրենց գործունեության ֆինանսավորման աղբյուրների եւ Կատարի իշխանությունների հետ հնարավոր կապերի վերաբերյալ։ Հետաքննությունը սկսել է Իսրայելի անվտանգության գլխավոր ծառայությունը (ՇԱԲԱԿ) այն բանից հետո, երբ տեղեկություն է ստացել, որ նախկինում ռազմական գաղտնիքներ հրապարակելու մեջ մեղադրվող Ֆելդշտեյնը կարող էր աշխատել Կատարի համար Դոհայի կողմից ֆինանսավորվող միջազգային ընկերության միջոցով: Times of Israel-ի տվյալներով՝ գլխավոր դատախազ Գալի Բահարավ-Միարան կարգադրել է հետաքննություն սկսել։ Ենթադրվում է, որ Ֆելդշտեյնը զբաղվում է իսրայելական լրատվամիջոցների շրջանում կատարամետ նյութերի տարածմամբ։Ներկայում Իսրայելում գործի ցանկացած մանրամասն հրապարակելու արգելք կա։