Իսրայելի և Լիբանանի պատվիրակություններն ԱՄՆ հովանու ներքո առաջին ուղիղ բանակցությունների ժամանակ համաձայնել են նոր հանդիպում անցկացնել մինչև 2025 թվականի վերջը։ Այս մասին հաղորդում է Axios-ը։
Առաջիկա բանակցությունների նպատակն է քննարկել սահմանամերձ տարածքներում տնտեսական համագործակցության հեռանկարները և հնարավոր համատեղ նախագծերը, որոնք կարող են նպաստել փոխադարձ վստահության հիմքի ստեղծմանը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Թրամփի վարչակազմը ճնշում է գործադրել երկու կողմերի վրա՝ ԱՄՆ մասնակցությամբ ուղիղ բանակցություններ վարելու նպատակով։
Ամերիկացի պաշտոնյայի խոսքով, ում անունը չի նշվում, ԱՄՆ-ի երկարաժամկետ տեսլականը սահմանի երկայնքով «Թրամփի տնտեսական գոտի» ստեղծելն է, որը զերծ կլինի «Հեզբոլլահ»-ից և ծանր զինամթերքից։
Լիբանանի և Իսրայելի միջև սահմանին գտնվող Նակուրա քաղաքում դեկտեմբերի 3-ին կայացած հանդիպումն Իսրայելի և Լիբանանի միջև առաջին ուղիղ հանդիպումն էր 1993 թվականից ի վեր, որի արդյունքները կողմերը դրական են գնահատել։
Վերջին շաբաթների ընթացքում Իսրայելն ակտիվացրել է Լիբանանում իր հարվածները՝ պայքարելով «Հեզբոլլահ»-ի կողմից ռազմական կարողությունները վերականգնելու ջանքերի դեմ։
Իսրայելը զգուշացրել է Սպիտակ տանը, որ եթե «Հեզբոլլահը» շարունակի վերազինվել ներկայիս տեմպերով, ստիպված կլինի վերսկսել պատերազմը՝ կրկին թուլացնելու զինյալ խմբավորումը։
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ չնայած «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև 2024 թ. նոյեմբերի 27-ին կնքված հրադադարի համաձայնագրին՝ մինչ օրս Լիբանանում Իսրայելի կողմից օդային, ցամաքային և ծովային խախտումների ընդհանուր թիվը կազմել է 5163։ Հարձակումների հետևանքով զոհվել է 309 և վիրվավորվել ևս Լիբանանի 598 քաղաքացի։
Հակառակ հրադադարի համաձայնագրի՝ իսրայելական բանակը մասամբ է դուրս եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։



