Իսրայելի պատասխանը Գազայի հատվածից պաղեստինցի զինյալների աննախադեպ հարձակմանը «կփոխի Մերձավոր Արևելքը», երկուշաբթի հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս մասին գրում է Reuters-ը:
«Այն, ինչի միջով կանցնի ՀԱՄԱՍ-ը, կլինի դժվար և սարսափելի: Մենք արդեն ճակատամարտի մեջ ենք և նոր ենք սկսել: Ես խնդրում եմ, որ դուք պինդ մնաք, քանի որ մենք փոխելու ենք Մերձավոր Արևելքը», - ասել է նա երկրի հարավում իշխանությունների հետ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ երեկ Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հավանություն է տվել հիմնական օրենքի «40-րդ կետի» ներդրմանը, որը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
Նշենք, որ Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 800-ը, իսկ Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածներից զոհվել է ավելի քան 500 պաղեստինցի:
Շաբաթ առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռակոծության է ենթարկվել։ Իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ արձակվել է ավելի քան 3 հազար հրթիռ։ Բացի այդ, ՀԱՄԱՍ-ի տասնյակ զինյալներ ներթափանցել են Իսրայելի հարավի սահմանային շրջաններ:



