Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) կոչնչացնի ՀԱՄԱՍ-ի թունելները և բոլոր ահաբեկիչներին Գազայում Իսրայելի կողմից վերահսկվող տարածքներում։ Այս մասին Կացը նշել է X միկրոբլոգում գրառման մեջ։
«Իսրայելի քաղաքականությունը Գազայում հստակ է. Իսրայելի պաշտպանության բանակը աշխատում է թունելները ոչնչացնելու և ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին առանց որևէ սահմանափակման վերացնելու ուղղությամբ մեր վերահսկողության տակ գտնվող դեղին գոտում», - նշել է նա:
Կացի խոսքով՝ նպատակը բոլոր զոհված պատանդների վերադարձի հետ մեկտեղ ՀԱՄԱՍ-ի զինաթափումն ու Գազայի ապառազմականացումն է։
The Times of Israel-ի տեղեկացմամբ՝ համաձայն իսրայելական գնահատականների՝ ՀԱՄԱՍ-ի մոտ 200 զինված անդամներ ներկայում գտնվում են Գազայի հատվածի հարավում Իսրայելի կողմից վերահսկվող տարածքների տակ գտնվող թունելներում, մասնավորապես՝ Ռաֆահում, և չեն կարողանում նահանջել ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող տարածքներ՝ առանց թունելներից դուրս գալու և իսրայելական զորքերի կողմից նկատվելու։
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը նրանց անվտանգ անցում թույլ չի տա: Ըստ որոշ տեղեկությունների՝ Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը քաղաքական պաշտոնյաներին խորհուրդ է տվել, որ Իսրայելը Ռաֆահից գրոհայինների անվտանգ անցման համար պայման դնի լեյտենանտ Հադար Գոլդինի մարմնի վերադարձը, որը 2014 թվականին Գազայում ՀԱՄԱՍ-ի դեմ մարտերում զոհվել էր, և որի մարմինը պահվում է այդ ժամանակվանից ի վեր։



