
Իսրայելը ռմբակոծել է Գազայի հատվածում գտնվող Խան Յունիսի լրագրողների վրանը, ինչի հետևանքով զոհվել է առնվազն երկու լրագրող, ևս ինը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Al Jazeera-ն
Պաղեստինի լրագրողների միությունը կոչ է արել Միջազգային քրեական դատարանին արագ որոշում կայացնել Իսրայելի դեմ՝ պաշտպանելու լրագրողների իրավունքները՝ մատնանշելով, որ զոհված լրագրողների թիվը պատերազմի մեկնարկից ի վեր հասել է 210-ի։
Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 57 զոհ և 137 վիրավոր։
Իսրայելական ուժերը Գազայի հատվածի Դեյր ալ-Բալահ քաղաքի հինգ թաղամասերի բնակիչներին կոչ են արել հեռանալ բնակավայրերից:
«Ալ-Քասամ» բրիգադի անդամները, ի պատասխան խաղաղ բնակիչների դեմ ուղղված իսրայելական հարվածների, հրթիռներով թիրախավորել են Իսրայելի Աշկելոն քաղաքը, ինչի հետևանքով իսրայելցիներ են վիրավորվել, որոնց թիվը չի հստակեցվում:
Մարտի 18-ից Իսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ Այս ընթացքում անկլավում առնվազն 1391 պաղեստինցի է զոհվել, վիրավորվել՝ 3434-ը:
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից ի վեր առնվազն 50 752 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է շուրջ 115 475 -ը:
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով Իսրայելում զոհվել էր 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։