Իսրայելի գործողությունը Լիբանանում չի ավարտվի...

Իսրայելի ընդլայնվող ռազմական գործողությունը Լիբանանում դժվար թե ավարտվի նոյեմբերի 5-ին նշանակված ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ։

Դրա մասին գրում է Financial Times (FT) պարբերականը՝ վկայակոչելով արևմտյան պաշտոնյաներին։

«Երկու շաբաթ առաջ իսրայելցիները խոսում էին մի քանի շաբաթ սահմանափակ ցամաքային ներխուժման մասին, բայց այդ երկու շաբաթը կարծես թե ձգվում է»,-հայտարարել էպաշտոնյաներից մեկը: Ստեղծված իրավիճակը «լավատեսություն չի ներշնչում, որ Իսրայելը կանգ կառնի ԱՄՆ ընտրություններից առաջ»,-նշել է պաշտոնյան։

«Ցանկանում ենք, որ նրանք (իսրայելցիները) դադարեցնեն և համաձայնեն մի քաղաքական ծրագրի հետ, որի շուրջ արդեն մեծ հաշվով համաձայնություն կա, բայց, ինչպես երևում է, ռազմական հաջողության հասնելով՝ նրանք դեռ շարունակելու են»,- հավելել է նա։

Պարբերականը նշում է, որ Իսրայելի քաղաքական ղեկավարության հռետորաբանության փոփոխությունը և սահմանամերձ շրջաններից բնակչության տարհանման մասշտաբները մեծացնում են Արևմուտքում իսրայելական գործողության մոտալուտ ավարտի վերաբերյալ կասկածները։