Իսրայելական ուժերը ներխուժել են սիրիական տարա...

Իսրայելական ուժերը հոկտեմբերի 20-ին ներխուժել են Սիրիայի Կունեյտրայի շրջան և խուզարկություններ իրականացրել։ Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։

Ըստ հրապարակման՝ երկու ռազմական մեքենաներից և մի քանի զինվորներից բաղկացած իսրայելական պարեկախումբն անցակետ է տեղադրել և սկսել խուզարկել ու հետապնդել անցորդներին։ Խուզարկություններ իրականացնելուց հետո նրանք լքել են տարածքը։

Հոկտեմբերի 19-ին իսրայելական ուժերը ներխուժել էին Կունեյտրայի մի քանի գյուղեր։ Դարաայի և Կունեյտրայի նահանգների որոշ շրջաններում նկատվել են ցածր բարձությամբ թռիչքներ կատարող ռազմական ինքնաթիռներ։

Ըստ սիրիական աղբյուրների՝ իսրայելական ուժերը շարունակում են անհարմարություններ ստեղծել Կունեյտրայի շրջանի բնակիչների համար։ Ջուբաթա ալ-Խաշաբ շրջանում իսրայելական ուժերի կողմից տեղակայված բազայի առկայության պատճառով բնակիչները չեն կարողանում մոտենալ իրենց հողերին: Հաղորդվում է, որ իսրայելական ուժերը նախազգուշական կրակոցներ և ծխառումբեր են արձակում բնակիչների ուղղությամբ։

2024 թ. դեկտեմբերին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի՝ իշխանությունից հեռանալուց հետո Իսրայելը ցամաքային ներխուժումներ է իրականացնում սիրիական Կունեյտրայի և Դարաայի շրջաններում՝ վերահսկողություն հաստատելով բուֆերային գոտու նկատմամբ։ 

Սիրիական կողմը հաղորդում է, որ Իսրայելը դիմել է նաև սահմանային շրջաններում ռմբակոծությունների՝ խախտելով միջազգային իրավունքի կանոնները, ՄԱԿ-ի՝ պետական ​​ինքնիշխանության վերաբերյալ բանաձևերը և 1974 թվականին կնքված անջատման մասին համաձայնագիրը, որը բուֆերային գոտի էր ստեղծում երկու երկրի միջև։