
Իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել Գազայի մի քանի շրջանների, ինչպես նաև գործողություններ են անցկացրել Հորդանան գետի Արևմտյան ափին։ Պաղեստինյան WAFA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի կենտրոնում իսրայելական ուժերի կողմից արձակված գնդակից երկու քաղաքացի է զոհվել։
Տեղեկությունների համաձայն՝ իսրայելական բանակը թույլ չի տալիս Ռաֆահի բնակիչներին վերադառնալ իրենց տները Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց վեց շաբաթ անց: Բանակը քաղաքի տարածքի շուրջ 60%-ը հայտարարել է «վտանգավոր արգելված գոտի», այսինքն՝ այնտեղ ցանկացած տեղաշարժ, ըստ հրապարակման, «դիմավորվում է հրետանային կրակով, դիպուկահարների հարձակումներով և օդային ռմբակոծություններով»։ Ռաֆահի 300 000 բնակիչներից մոտ 200 000-ը դեռ չեն կարողանում վերադառնալ քաղաք:
Բացի այդ, հաղորդվում է, որ Իսրայելը երկու հրթիռ է արձակել Գազայի հատվածի Խան Յունիսից արևմուտք գտնվող Ալ-Մաուասի շրջանի ուղղությամբ, ինչի հետևանքով 3 քաղաքացի է վիրավորվել։
Միևնույն ժամանակ, Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող Կալկիլիայում 45-ամյա մի քաղաքացի է վիրավորվել իսրայելական ուժերի արձակած գնդակից, իսկ Ջենին ճամբարի մոտ արձակված արցունքաբեր գազից երեք ամսական երեխա է տուժել։
Ըստ պաղեստինյան աղբյուրների՝ հունվարի 21-ից ի վեր Ջենինում իսրայելական ուժերի լայնածավալ գործողությունների ընթացքում սպանվել է առնվազն 27 մարդ և ավերվել տեղի բնակիչների ավելի քան 120 տուն։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացել է 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների՝ Իսրայել ներխուժումից հետո, որի հետևանքով սպանվել էր 1200 մարդ, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Գազայի հատվածում Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով պաղեստինցի զոհերի թիվը գերազանցել է 48 000-ը, տեղահանվել է Գազայի գրեթե ողջ բնակչությունը և տարածքի մեծ մասը վերածվել է փլատակների։ 2025 թ․ հունվարի 19-ին ուժի մեջ է մտել Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը։ Չնայած համաձայնագիրը գործում է վերջին վեց շաբաթվա ընթացքում՝ կողմերը մեկը մյուսին մեղադրում են այն խախտելու մեջ։