Իսրայելական առաջատար «El Al» ավիափոխադրողը տեղեկացրել է, որ որոշում է կայացրել երկարացնել Թել Ավիվից Մոսկվա թռիչքների դադարեցումը մինչեւ մարտ, տեղեկացրել է Times of Israel-ը։
Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ անցած շաբաթ «El Al»-ը դադարեցրեց օդային հաղորդակցությունը Մոսկվայի հետ եւ հակառակ ուղղությամբ՝ վկայակոչելով «իրավիճակի զարգացումը Ռուսաստանի օդային տարածքում» այն բանից հետո, երբ ադրբեջանական իշխանությունները հայտնեցին, որ չորեքշաբթի Ղազախստանում կործանված ուղեւորատար ինքնաթիռը խփվել է ռուսական ՀՕՊ միջոցներով։
«Իրավիճակի համակողմանի գնահատումից հետո «El Al»-ը դադարեցնում է բոլոր գործողությունները Թել Ավիվ-Մոսկվա երթուղում մինչեւ ձմեռային չվացուցակի ավարտը»,- ասվել է ավիաընկերության հայտարարությունում: «Այս որոշումն ընդունվել է երկրի իշխանությունների հետ շարունակվող երկխոսությունից հետո՝ իրավիճակը հասկանալու համար»։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մի շարք հայտարարություններ էր արել դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման առնչությամբ՝ բացահայտ մեղադրելով Ռուսաստանին ավիավթարի իրական պատճառը «լռության մատնելու» մեջ եւ փոխհատուցում պահանջելով։