Իսրայել Կացը բարձր է գնահատել Ադրբեջանի հետ խ...

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն այսօր Թել Ավիվում հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ՝ անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությունն ամրապնդելու նպատակով, ասվում է Իսրայելի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Հանդիպման ընթացքում Կացը բարձր է գնահատել երկու երկրի միջև խոր ռազմավարական դաշինքը՝ նշելով ընդհանուր շահերն ու փոխադարձ վստահությունը։ Նա շնորհակալություն է հայտնել Հասանովին հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից զանգվածային հարձակումից հետո Ադրբեջանի ցուցաբերած աջակցության, ինչպես նաև Իսրայելի և Թուրքիայի միջև միջնորդական ջանքերի համար։

Կացը նաև նշել է «Եվրատեսիլում» Ադրբեջանի քվեարկության արդյունքները, որտեղ Իսրայելը ստացել է ժյուրիի առավելագույն միավորները՝ դա անվանելով երկու պետությունների և ժողովուրդների միջև բարեկամության իսկական նշան։

Կողմերը համաձայնության են եկել ընդլայնելու համագործակցությունը պաշտպանության ոլորտում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի հաղորդել Զաքիր Հասանովի՝ Իսրայել այցի մասին։