Իշխանությունը պատժեց Սասուն Միքայելյանին․ նա...

Հունիսի 16-ին տեղի ունեցավ  «Քաղաքացիական պամանագիր»  կուսակցության 5-րդ համագումարը: Համագումարն ընտրեց  նոր վարչություն, որը կազմված է 21 անդամից։ Վարչության հին կազմից այս անգամ ամենաքիչ ձայները ստացավ Սասուն Միքայելյանը, ով նաև վարության նախագահն էր։ Սասուն Միքայելյանը նախորդ ազգային ժողովի ընտրություններում նաև ամենաշատ ռեյտինգային ձայն ստացած ՔՊ թեկնածուն էր։

Շատերի համար զարմանալի էր, թե ինչու՞ Միքայելյանը չընտրվեց վարչության նոր կազմում։ Հարցը ունի տրամաբանական պատասխան՝ ՔՊ-ում պատժում են նրան Աբովյանի ընտրություններում իշխանական թեկնածուին չաջակցելու համար։

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Աբովյանի քաղաքապետի ընտրություններից հետո հայտարարել է, որ Սասուն Միքայելյանը որևէ կերպ չի աջակցել իշխանության թեկնածուին․«Սասուն Միքայելյանը Աբովյանի քաղաքապետի ընտրություններում որեւէ աջակցություն մեր թեկնածուին չի ցուցաբերել»,-հայտարարել էր Պետրոսյանը՝ ավելացնելով, որ ըստ էության Միքայելյանը չի աջակցել կուսակցությանը այդ կերպ, որի վարչության որոշմամբ էլ առաջադրվել էր թեկնածուն։

Ակնհայտ է, որ ՔՊ-ի և Սասուն Միքայելյանի հարաբերությունների լարվածությունը այսքանով չի սահմանափակվի։ Ելնելով Միքայելյանի տեսակից՝ չի կարելի բացառել, որ նա առաջիկայում կարող է անգամ դուրս գալ կուսակցությունից և քաղաքական պրոցեսներին մասնակցել միայն Երկրապահի միջոցով, որի միանձնյա ղեկավարն է ինքը։