Yerkir.am-ը հարցում է ուղարկել վարչապետի աշխատակազմին՝ պարզելու համար, թե որքա՞ն գումար է ՀՀ կառավարությունը ծախսել պետական բյուջեից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցի, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի վրա։ Խնդրել ենք ներկայացնել կատարված ծախսերի մանրամասն բացվածքը, որը կներառի հյուրանոցների, ռեստորանների, նվերների և այլնի համար վճարված գումարները։
Հարցումն ուղարկել ենք ապրիլի 4-ին, և արդեն 23 օր է պատասխան չկա։ Վարչապետռի աշխատակազմ զանգահարելով և հարցումների ուղարկման էլեկտրոնային համակարգից պարզեցինք, որ վարչապետի աշխատակազմը մեր գրավոր հարցումը փոխանցել է ԱԳՆ-ին, տվել 3 օր ժամանակ, սակայն ԱԳՆ-ից գրավոր պատասխանով հայտնել էն, որ «համաձայն աշխատանքային կարգով ձեռք բերված պայմանավորվածության՝ Yerkir.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանի հարցման պատասխանի նախագիծը սահմանված ձևաչափով լրամշակվելուց հետո կփոխանցվի ՀՀ վարչապետի աշխատակազմ»: Վարչապետի աշխատակազմից մեզ փոխանցեցին, որ պատասխանն ստանալուն պես կտրամադրեն։
Թե ինչո՞ւ են այդքան պարզ թվերի տրամադրումն այսքան ձգձգում՝ դժվար չէ կռահելը։ Այդ ծախսերն այնքան ահռելի են, որ կարող են լուրջ դժգոհություններ առաջացնել հասարակության մոտ նախընտրական շրջանում։ Հատկապես ռուսական թեժացող պատժամիջոցների ֆոնին հրապարակել բյուջեից հատկացված ահռելի միջոցներ, որոնք ոչ միայն որևէ օգուտ չեն բորոլ սովորական հայ մարդուն, այլև ճիշտ հակառակը, երկիրը նետել են հակառուսական արկածխնդրությունների դաշտ, կարծում ենք, այնքան էլ ցանկալի չէ։
Ինչևէ, սպասենք՝ հուսալով, որ գոնե սահմանված 30-օրյա ժամկետը չեն խախտի և մի քանի թիվ կկարողանան կազմել ու ուղարկել։



