Իշխանությունները գործա՞րք են առաջարկել Նաիրի...

Շաբաթներ առաջ մենք գրել էինք, որ իշխանությունները նպատակ ունեն վերաբացել  «հոկտեմբերի 27»-ի գործը։ Այս կերպ իշխանությունները ցանկանում են նոր շոկային տեսարաններ ապահովել հանրության համար։ Կարևոր չէ ի վերջո գործը կկարողանան հասցնել տրամաբանական ավարտին, թե ոչ, այս պահին հանրությանը զբաղեցնելու «շոու» է անհրաժեշտ։

Մեր հրապարակումից օրեր անց առաջինը խոսեց իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Երբ հայտնի դարձավ, որ Նաիրի Հունանյանը վաղաժամ ազատ արձակվելու դիմում է ներկայացրել պատկան մարմիններին՝ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց․«Եթե Նաիրի Հունանյանը ասելիք ունի, թող հանդես գա ասելիքով»,-հայտարարել էր Քոչարյանը։

Իշխանական պատգամավորի այս հայտարարությունից օրեր անց պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարություն տարածեց, որում ներկայացնում էր Նաիրի Հունանյանի հետ ունեցած հանդիպման մանրամասնները․«Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ում 20 տարվա մեջ առաջին անգամ շուրջ երկու ժամ առանձնազրույց ունեցա Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ: Բազմաթիվ պատասխանների հետ առաջ եկան բազմաթիվ հարցականներ, որոնք պետք է երկար վերլուծել, հասկանալ, բայց Հոկտեմբերի 27-ի գլխավոր շահառուները՝ հակահեղափոխական ճամբարներից հանդես եկող ռեւանշիստական ուժերի պարագլուխները պետք է միշտ հիշեն՝ Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, Յուրա Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Հենրիկ Աբրահամյանի, Արմենակ Արմենակյանի, Լեոնարդ Պետրոսյանի, Միքայել Քոթանյանի դաժան սպանությամբ Հայաստանի պետությանն ու պետականությանը այս ահաբեկչական սպանդի հետեւանքով հասցված վնասը չի ներվելու եւ որեւէ մեկն անպատիժ չի մնալու»:

Ակնհայտ է, որ Անդրանիկ Քոչարյանի և Արման Բաբաջանյանի գործողությունները համակարգված են։ Իշխանություններն ըստ ամենայնի գործարք են առաջարկել Նաիրի Հունանյանին։ Եվ եթե Հունանյանը համաձայնի իրենց պայմաններին և տա անուններ, որոնք ձեռնտու են այսօրվա իշխանությունների համար, ապա նա կարող է հայտնվել ազատության մեջ։