Իշխանությունները ցանկանում են ոստիկանության հ...

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը էապես չի տարբերվում Սերժ Սարգսյանի իշխանությունից։ Փաշինյանը լավ է հասկանում, որ չի գնալու բովանդակային փոփոխությունների, և փորձում է գոնե կոսմետիկ փոփոխություններով ցույց տալ, որ նորն է կառուցում։

Նախորդ իշխանությունների օրոք մարդատյաց ոստիկանական համակարգը Փաշինյանի իշխանության մեկ տարվա ընթացքում որևէ բովանդակային փոփոխության չի ենթարկվել։ Ոստիկաններն ավելի լավ չեն դարձել, պարզապես հիմա դեռ իշխանությունները  տարբեր խմբերի նկատմամբ ուժային գործողություներ կատարելու հրաման չեն տվել։ Ոստիկանությունը չի բարեփոխվել, և, ըստ ամենայնի, չի էլ բարեփոխվելու։

Եվ ահա, այս ամենի ֆոնին, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է ոստիկանական համակարգի «ամենակարևոր» խնդիրը լուծել՝ փոխել ճանապարհային ոստիկանների մեքենաները և կառույցի անունը։ Այն կդառնա պարեկային ծառայություն, և նախկին ոչ այդքան թանկարժեք «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենաների փոխարեն կարող են վարել թանկարժեք «Դոդջ Չարջեր»։

Փաշինյանի իշխանությունը, իհարկե, դեռ հանրությանը չի բացատրել, թե ի՞նչն է խանգարում նոր ստեղծվող պարեկային ծառայության աշխատակիցներին շրջել ճանապարհային ոստիկանության մեքենաներով։ Նախատեսվող մեքենաների շուկայական արժեքը 50 հազար դոլար և ավելի է։ Ոստիկանության համար անհրաժեշտ սարքավորումների տեղադրման դեպքում մեքենաների արժեքը կարող է հասնել 60 հազար դոլարի։ Եթե ներկայումս շահագործվող «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենայի շարժիչի աշխատանքային ծավալը 1,5-1,8 լիտր է, ապա առաջարկվող մեքենաների շարժիչի աշխատանքային ծավալը սկսում է 3,5 լիտրից։ Այսինքն՝ թանկարժեք մեքենան ունենալու է թանկարժեք տեխնիկական սպասարկում, և, նվազագույնը, կրկնակի վառելիքի ծախս։

Ահա սա է նոր իշխանությունների վերաբերմունքը հանրությանը հուզող առաջնահերթ խնդիրներին։ Տնակներում ապրողները, թոշակառուները և սոցիալական այլ խնդիրներ ունեցողները պետք է սպասեն։ Կարևորը՝ մեր հպարտ քաղաքացիների հպարտ ոստիկանները թանկարժեք մեքենաներով կշրջեն և անհրաժեշտությնա դեպքում բերման կենթարկեն հպարտ քաղաքացիներին։