Իշխանությունները արտահայտում են ֆեյքեր ունենա...

Pollitik.am-ի հարցազրույցը «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանի հետ:

-Պարոն Ենոքյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին ուղղված հետևյալ հայտարարությունը.«Այո, մեր երկրում խոսքի և տեղեկատվության ազատությունը երաշխավորված է: Բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում, հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, ապա դա ազգային անվտանգության խնդիր է: Ես հույս ունեմ, որ ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ»:

Այս մասին շատ հաճախ է խոսում Նիկոլ Փաշինյանը, բայց նաեւ ներկայացվել են ապացույցներ, որ ֆեյքերի որոշ գործարաններ գործում են պետական ֆինանսավորմամբ։ Ֆեյքերի վրա միլիոններ ծախսելու այս միֆը առաջին անգամը չէ, որ հանրայնացվում է։ Կարծում եմ, իշխանությունները այս հայտարարության տակ կրկին արտահայտում են ֆեյքեր ունենալու եւ ապատեղեկատվություն տարածելու բնագավառում իրենց մոնոպոլիան հաստատելու ցանկությունը։

-Վերջին շրջանում բազմաթիվ ֆեյք լուրեր են տարածվում, որոնք որոշ ժամանակ անց հերքվում են: Իշխանությունները, նաև սա մատնանշելով, ասում են՝ պետք է լրատվամիջոցների աշխատանքներում որոշակի սահմանափակումներ մտցնել՝ ապատեղեկատվության տարածումից խուսափելու համար:  Ըստ որոշ պնդումների՝ գուցե նաև իշխանությունների կողմից է ապատեղեկատվություն տարածվում, որպեսզի հետագայում արդարացվեն լրատվամիջոցների աշխատանքների հնարավոր սահմանափակումները. դրա հավանականությունը կա՞:

Իշխանափոխությունից, եւ մանավանդ ԱԺ ընտրություններից հետո իշխանությունները, եւ մասնավորապես, վարչապետը, քանիցս հայտարարել են մամուլի եւ ազատ խոսքի դեմ պայքարելու իրենց մտադրության մասին։ Որպես մամուլին լռեցնելու պատճառ նշվել է նաեւ ապատեղեկատվության տարածումը։ Այստեղ երկու կարեւոր հարց կա․ նախ՝ գործող օրենսդրությունն ունի՞ որեւէ մեկին վնասող կեղծ լուրերի, զրպարտության, վիրավորանքի դեմ պայքարի համապատասխան մեխանիզմներ, որոնց իշխանությունները անհասկանի պատճառով չեն դիմում, այլ անընդհատ շրջանառում են արտադատարանական կարգով պայքարելու ցանկությունը։ Եվ երկրորդ, ինչպե՞ս Դուք նշեցիք, կեղծ լուրերի ու ապատեղեկատվության մի լուրջ աղբյուր են իշխանական տարբեր օղակները, որոնք տրաբեր պատճառներով՝ ցանկանալու, բայց չկարողանալու, չկազմակերպվածության եւ համակարգման բացակայության, ներքին հարցեր լուծելու եւ ինտրիգների պատճառով, տարածում են անպատասխանատու հայտարարություններ եւ կեղծ լուրեր։

Ձեր նշած մախանիզմը՝ հատուկ ապատեղեկատվություն տարածելու մասին՝ որպեսզի այն հետագայում պատճառ հանդիսանա մամուլին ճնշելու համար, չափազանցված եմ համարում, քանի որ առանց այն էլ ակամա նման ֆեյք լուրերը ստեղծվում են։

Արդյո՞ք իշխանությունները կգնան հետագա կոնկրետ ճնշումների․ այս հարցի լուծումը կախված է նրանից, թե որքան է մամուլին ճնշելու իշխանական կամքին, որքան են նրանք պատրաստ այս ճանապարհին հակաօրինական գործողությունների։ Մյուս գործոնը մամուլի եւ հասարակության համախմբվածությունն է․ որքանով համակարգված նրանք կպայքարեն իշխանությունների ցանկության դեմ՝ իրենց լռեցնելու հարցում։ Համենայն դեպս, մինչ այժմ, որոշ կորուստներով, հասրակությունը կարողացել է դիմագրավել այս խնդրին։

-Իշխանական թևի որոշ պատգամավորների, պաշտոնյաների մոտ քննարկումներ կան նաև ստեղծել մարմին, որը կֆինանսավորի լրատվամիջոցներին: Նպատակը լրատվամիջոցների ֆինանսական անկախությունը ապահովելն է: Արդյո՞ք դա կտա անկախություն, եթե միևնույն է՝ երրորդ մարմնի կողմից է լինելու ֆինանսավորում:

- Ակնհայտ է, որ պետական ֆինասավորմամբ մամուլը կկատարի իշխանությունների կամքը, եւ այս մեխանիզմը կիրառելով որոշ լրատվամիջոցների նկատմամբ՝ իշխանությունները նրանց կդնեն ակնհայտ անհավասար դիրքի մեջ մյուսների հանդեպ, էապես կտուժի լրատվամիջոցների մրցակցությունը։ Իրականում սա լուրջ կոռուպցիայի աղբյուր կդառնա։

Սակայն իշխանությունները ունեն այլ լծակներ, որոնցով կարող են նպաստել լրատվամիջոցների ֆինանսական անկախությանը ինչպես հարկային տարբեր գործիքներն են, գովազդատուներին խթանելը, եւ այլն, մինչդեռ մենք տեսնում ենք, որ նրանք կատարում են տրամագծորեն հակառակ քայլեր։ Ասվածի պարզ օրինակ է պետական տարածքներում տեղակայված լրատավամիջոցների վարձերը բարձրացնելու եւ նրանց այնտեղ վտարելու որոշումը։