Իշխանության վարկանիշը գուցե հիմա 80%-ից իջած...

Մամուլում շարունակ պտտվում են լուրեր, որ իշխանական թևում վերադասավորումներ կան,  նոր «խմբեր» են ձևավորվում: Օրինակ՝ երեկ հրապարակում եղավ, ըստ որի՝ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը պատրաստվում են «տապալել» Նիկոլ Փաշինայնին: Ըստ այդ հրապարակման՝ Արթուր Վանեցյանը կդառնա վարչապետ, Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նախագահ: Մինչ այդ էլ եղել են հրապարակումներ, թե ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը պատրաստվում է քաղաքականություն մտնել: Այս ու նմանատիպ հրապարակումների վերաբերյալ Politik.am-ը լսել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի կարծիքը: Մեր դիտարկմանը, որ ներկայիս իշխանությունները պաշտոնավարում են 1 տարուց էլ պակաս, և վաղ չէ՞ ներիշխանական պառակտումների համար, եթե կան այդպիսիք, քաղաքագետը պատասխանում է.

«Ես չեմ կարծում, որ դրանք համապատասխանում են իրականությանը: Դրանք հիմնակում բամբասանքներ են: Չեմ կարծում՝ նման բան կա, որովհետև նախևառաջ իշխանական համակարգում չկա երկրորդ այն քաղաքական գործիչը, որի վարկանիշը համադրելի է Նիկոլ Փաշինյանի հեղինակության և վարկանիշի հետ, և երկրորդ՝ տեղի է ունենում ընդդիմադիր քաղաքական դաշտի մոբիլիզացիա, կարծում եմ՝ սրա արդյունքւմ իշխող քաղաքական ուժը ոչ թե կպառակտվի, այլ հակառակը՝ կհամախմբվի: Ըստ իս՝ ընդդիմադիր լուրջ բևեռ կառաջանա ոչ թե իշխանության ներսում, այլ դրսում»:

Արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերից ՀՀԿ-ին անդրադառնալով՝ Բաղդասարյանն ասում է.«Այժմ իրենք հանդես են գալիս որպես անհատներ, և երբ կզգան, որ իշխանությունների  վարկանիշը արդեն բավականին ընկել է, հանդես կգան որպես քաղաքական ուժ»: Ըստ քաղաքագետի՝ խորհրդարանական ընդդիմությունը բավականին արդյունավետ է աշխատում:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ խորհրդարանական ընտրությունների՝ այժմ լինելու դեպքում էլ իրենք մեծամասնություն կլինեին, և գուցե ավելի շատ ձայներ ստանային, Բաղդասարյանը նշում է.«Թաքցնելու բան չկա՝ հասարակության մեջ որոշակի հիասթափություն կա, և իշխանության վարկանիշը գուցե հիմա 80%-ից իջած լինի 50-60%-ի, այլ հարց է, թե որ ուժերն են դրանից շահելու: Հնարավոր է՝ նորից ընտրություններ լինելու դեպքում այժմյան իշխանությունը էլի շատ ձայն ստանար, որովհետև չի ձևավորվել մյուս բևեռը, այսինքն՝ այլընտրանք չունեն: Խնդիրն այն չէ՝ ով է ավելի լավ քննադատում իշխանություններին, խնդիրն այն է, թե այդ ուժը իշխանության գալու դեպքում ինչպես է լուծելու այդ նույն հարցերը»,-ամփոփում է Արմեն Բաղդասարյանը:

Մարիամ Սարգսյան