Իրավիճակը Հարավային Կովկասում այլեւս նախկինը...

Մոսկվայում նախօրեին կայացավ ՀՀ եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Սա ՀՀ նորանշանակ ԱԳ նախարարի առաջին արտասահմանյան այցն էր։ Հատկանշական է, որ ուղղությունը ընտրվել էր Ռուսաստանը։ Իհարկե այժմյան մարտահրավերներն ու իրականությունը այլ բան չէին ենթադրում, սակայն կարելի է նաեւ դիվանագիտական սիմվոլիզմի տարրեր տեսնել, հուսալով, որ թավշյա իշխանափոխությունից հետո խաթարված հայ-ռուսական հարաբերությունները կամաց-կամաց վերադառնում են բնականոն հուն։ Ինչպես եւ կարելի էր եզրակացնել, բանակցություններում առանցքային թեման Ղարաբաղյան խնդիրն է եղել։ Սերգեյ Լավրովը բանակցություններից հետո տեղի ունեցած ասուլիսում ներկայացրել է այն առաջնահերթ խնդիրները, որոնց շուրջ պետք է առաջիկայում աշխատեն Երեւանն ու Մոսկվան /հասկանալի է՝ Ղարաբաղի մասով նաեւ՝ Բաքուն/։

Առաջնահերթ կերպով, դատելով Լավրովի խոսքերից, պետք է իրականացնել եռակողմ հայտարարության մյուս դրույթները եւ ապահովել բոլոր հիմքերը Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնման համար, որն իր հերթին հիմք կդառնա Ղարաբաղյան խնդրի կայուն եւ տեւական կարգավորման համար։ Ավելի պարզ ասած՝ ներկայումս առաջնային հարցը հետ-կոնֆլիկտային վերականգնումն է։ Առաջին հայացքից սա կարող է դիտարկվել արդեն ընթացքի մեջ գտնվող հարց, սակայն իրականում իրավիճակը Հարավային Կովկասում այլեւս նախկինը չէ, եւ պետք է հասկանալ, որ Կովկասը եւս ներառված է աշխարհաքաղաքական տարուբերումների հորձանուտի մեջ ու հետեւաբար պետք է կամք՝ աշխարհաքաղաքական տարատեսակ գայթակղություններից զերծ մնալու եւ նախանշված ճանապարհով առաջ ընթանալու համար։ Ի դեպ, Բաքու իր վերջին այցի ժամանակ Լավրովը կարծես թե այդ մասին ակնարկներով հասկացրեց։ Մնում է հուսալ, որ մեսիջները հասել են տեղ հասցեատերերին եւ արկածախնդրություններ չեն լինի գոնե այժմ, երբ հակամարտության գոտում արդեն ռուսական զորակազմն է կանգնած։